Առողջության համընդհանուր ապահովագրություն․ ծառայություններից օգտվելու կարգը, հիվանդությունների կանխարգելման կարևորությունն ու համակարգի ընդլայնումը

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում բժշկական ծառայություններից օգտվելու ընթացակարգը, կանխարգելիչ առողջապահության կարևորությունը, համավճարների կիրառման սկզբունքներն ու համակարգի ընդլայնման հեռանկարները․ այս և այլ հարցերի է անդրադարձել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի Պայմանագրերի, մեթոդաբանության և որակի կառավարման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը՝ «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոնին տված հարցազրույցում։
Ներկայացնելով ապահովագրության շրջանակում բժշկական ծառայություններից օգտվելու ընթացակարգը՝ Հովհաննիսյանը նշել է, որ առաջին քայլը կցագրված առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժշկին դիմելն է։ Հաջորդիվ ընտանեկան բժիշկը գնահատում է բուժառուի առողջական վիճակը, որոշում անհրաժեշտ հետազոտությունների և մասնագիտական խորհրդատվությունների շրջանակը և համապատասխան ցուցումների առկայության դեպքում տրամադրում ուղեգիր։ Այս համատեքստում նա կարևորել է բժշկական ծառայություններից օգտվելու և հերթագրման մշակույթի ձևավորումը։ Բժշկի մոտ այցը հնարավոր է նախապես ամրագրել «Արմեդ» հավելվածի միջոցով կամ զանգահարելով բուժհաստատություն։ Ըստ Հովհաննիսյանի՝ մասնագիտական խորհրդատվությունների և այցերի համար սահմանված ժամանակահատվածների պահպանումը նպաստում է բուժառուների հոսքերի արդյունավետ կազմակերպմանը և սպասարկման որակի բարձրացմանը։
Հովհաննիսյանը խոսել է նաև կանխարգելիչ առողջապահության մշակույթի զարգացման կարևորության մասին․ հիվանդությունների վաղ հայտնաբերումը մեծացնում է արդյունավետ բուժման և դրական արդյունքի հասնելու հավանականությունը։ Այս առումով կարևոր նշանակություն ունեն ապահովագրության շրջանակում իրականացվող սքրինինգային ծրագրերը։ Հովհաննիսյանը ներկայացրել է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային մամոգրաֆիայի ծրագիրը՝ նշելով, որ հետազոտությունից օգտվելու համար ընտանեկան բժշկի ուղեգիրը պարտադիր չէ։
Խոսելով ապահովագրության փաթեթում ներառված ծառայությունների մասին՝ Հովհաննիսյանն ընդգծել է, որ դրանց շրջանակը ձևավորվել է՝ հաշվի առնելով Հայաստանի առողջապահական առաջնահերթություններն ու բնակչության կարիքները։ Առանձնացվել են նաև կյանքին սպառնացող վիճակների դեպքում անհրաժեշտ վիրահատական միջամտությունները։ Միաժամանակ պարզաբանվել է, որ որոշ ծառայությունների, այդ թվում՝ շտապօգնության կանչերի քանակի հետ կապված սահմանափակումները հիմնված են համապատասխան հաշվարկների վրա։
Անդրադառնալով համավճարների վերաբերյալ հարցերին՝ Հովհաննիսյանը նշել է, որ բուժհաստատությունները կարող են կիրառել համավճարներ՝ սահմանված առավելագույն չափերի շրջանակում։ Ընդ որում, ապահովագրված անձինք հնարավորություն ունեն ընտրելու նաև այն մասնագետներին, որոնց ծառայությունների համար համավճար նախատեսված չէ։ Հիմնադրամի հետ համագործակցող բուժհաստատությունների, մասնագետների և համավճարների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հիմնադրամի պաշտոնական կայքում՝ uhif.am։ Լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել նաև հիմնադրամի զանգերի կենտրոն։
Հովհաննիսյանը նշել է, որ ողջ հանրապետությունում իրականացվում են պլանային ստուգայցեր՝ ուղղված hիմնադրամի հետ համագործակցող բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների որակի, ապահովագրության շրջանակում սահմանված պահանջների պահպանման և բուժառուների պատշաճ սպասարկման վերահսկողությանը։
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետագա ընդլայնմանը։ Մասնավորապես, 2027 թվականի հունվարի 1-ից համակարգում կընդգրկվեն մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող աշխատողները, մինչև 2,400,000 դրամ համախառն եկամուտ ունեցող անհատ ձեռնարկատերերն ու նոտարները, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսու վարորդները, որոշ եկամտատեսակներ ստացող և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող անձինք։ Կգործի նաև ապահովագրված անձանց փոխկապակցված անձանց կամավոր ապահովագրման հնարավորությունը։
Ամփոփելով՝ Հովհաննիսյանն ընդգծել է, որ համակարգի ներդրումն ու փուլային ընդլայնումն ուղղված են բնակչության համար բժշկական ծառայությունների հասանելիության բարձրացմանը։ Հաջորդ՝ երրորդ փուլում նախատեսվում է ապահովագրության շրջանակն ընդլայնել՝ նպատակ ունենալով ապահովագրական ծածկույթ ապահովել Հայաստանի ամբողջ բնակչության համար։