Հուլիսի 22-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվեցին Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։
Ասուլիսին հանդես եկան Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանը, ֆինանսական և ապահովագրական հատուցումների գծով տնօրեն Հայկ Բաբայանը և իրավական ապահովման գծով տնօրեն Իզաբել Աբգարյանը։
Խարազյանը ներկայացրեց 2026 թվականի առաջին վեց ամիսների գործունեության ամփոփ պատկերը՝ անդրադառնալով գրանցված ցուցանիշներին, կատարված աշխատանքներին և համակարգի հիմնական ձեռքբերումներին։ Մասնավորապես, ներկայացվեցին ապահովագրված անձանց մատուցված բժշկական ծառայությունների, դեղորայքային ապահովման և փոխհատուցումների վերաբերյալ վիճակագրությունը և համակարգի արդյունավետությունը բնութագրող այլ տվյալներ։
Համաձայն այդ վիճակագրության՝ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկվել է շուրջ 1.8 մլն շահառու, ապահովագրության շրջանակում գրանցվել է ավելի քան 7.8 մլն ապահովագրական դեպք, իսկ փոխհատուցում է ստացել 762,404 շահառու։ Հունիս ամսվա դրությամբ փոխհատուցման ընդհանուր գումարը կազմել է 102.4 մլրդ, իսկ մեկ շահառուի միջին փոխհատուցումը՝ 56,941 ՀՀ դրամ։ Խարազյանի խոսքով՝ տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր նախկինում չէին օգտվել որևէ պետական առողջապահական ծառայությունից, այժմ ԱՀԱ համակարգի շրջանակներում դիմում են անհրաժեշտ բժշկական օգնության։ Սա արտացոլում է առողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնումն ու բնակչության ներգրավվածությունը։
Հաջորդիվ հիմնադրամի ներկայացուցիչները պատասխանեցին լրագրողների և սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հնչեցված հարցերին։
Ասուլիսի ավարտին անդրադարձ կատարվեց նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շարունակական կատարելագործմանն ուղղված ընթացիկ գործընթացներին և ծրագրերին։

