2026 թվականի մայիսին Նիդերլանդներից ժամանած շուրջ 12 հոգուց բաղկացած պատվիրակությունը յոթօրյա ուսումնագիտական այցով գտնվել է Հայաստանում։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին առողջապահության, առողջապահական ֆինանսավորման, հանրային քաղաքականության, նորարարության, ձեռնարկատիրության և սոցիալական զարգացման ոլորտների մասնագետներ։
Այցի նպատակն էր առավել խորքային պատկերացում կազմել Հայաստանի սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացումների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջապահական բարեփոխումներին և առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը։
Ծրագրի շրջանակում պատվիրակությունն այցելել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահական բարեփոխումների ընթացքը, առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման գործընթացը, նոր համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքն ու կառավարման մեխանիզմները, համակարգի ներդրման հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև Նիդերլանդների փորձից բխող այն մոտեցումները, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի համար։
Մասնակիցներին ներկայացվել է, թե ինչպես է Հայաստանը ձևավորում բոլոր քաղաքացիների համար հասանելի, մատչելի և կայուն առողջապահական համակարգ։ Այցը նաև հնարավորություն է տվել փոխանակելու փորձ և գիտելիքներ առողջապահության ֆինանսավորման, առողջապահական համակարգի կազմակերպման և քաղաքականությունների մշակման ոլորտներում։
Կողմերը կարևորել են նման հանդիպումների դերը հայ և նիդերլանդացի առողջապահական մասնագետների միջև մասնագիտական կապերի ամրապնդման գործում։

