Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը «Նուվել դ'Աղմենի» պարբերականին տված հարցազրույցում ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ընթացքը, հիմնական մարտահրավերներն ու արձանագրված արդյունքները։
Խարազյանի խոսքով՝ համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռևս Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ նորանկախ պետությունները կանգնած էին առողջապահական համակարգի վերափոխման անհրաժեշտության առաջ։ Չնայած նախորդ տասնամյակներում մշակվել են համապատասխան հայեցակարգեր և օրենսդրական հիմքեր, դրանց իրականացումը տարբեր պատճառներով հետաձգվել է, և միայն 2025թ․–ի դեկտեմբերին միասնական երկարատև աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել համակարգի լիարժեք ներդրումը։
Խարազյանն ընդգծել է, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ֆինանսավորման հիմնական բեռը կրում է պետությունը․ ապահովագրական ծախսերի շուրջ 85 տոկոսը սուբսիդավորվում է պետական բյուջեից։ Սա, նրա գնահատմամբ, կարևոր քայլ է քաղաքացիների առողջության պահպանման և ֆինանսական պաշտպանվածության բարձրացման ուղղությամբ։
Անդրադառնալով դիմելիության և ծանրաբեռնվածության հարցին՝ Խարազյանը նշել է, որ բժշկական համակարգի ծանրաբեռնվածությունը բնականորեն աճել է, սակայն այն դեռևս չի գերազանցում միջազգային համադրելի ցուցանիշները։ Միևնույն ժամանակ, ձեռնարկվում են քայլեր հերթերի կառավարման և ծառայությունների կազմակերպման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Նա նաև կարևորել է շահառուների գոհունակության մշտադիտարկումը՝ ընդգծելով, որ բարեփոխման նպատակը ոչ միայն ծառայությունների հասանելիության բարձրացումն է, այլև դրանց որակի ապահովումը։ Այդ նպատակով ակտիվ համագործակցություն է ծավալվում մասնագիտական միությունների և միջազգային կառույցների հետ, կատարվում են շարունակական վերլուծություններ և որակի վերահսկում։ Նախատեսվում են նաև վերապատրաստման ծրագրեր բժշկական հաստատությունների կառավարման մասնագետների համար։
Խարազյանի խոսքով՝ առաջիկա տարիներին կիրականացվեն մի շարք նպատակային բարեփոխումներ՝ ուղղված կանխարգելիչ բժշկության խթանմանը, սքրինինգային ծրագրերի ընդլայնմանը և առողջ ապրելակերպի խրախուսմանը բոնուսային համակարգի միջոցով։ Նա հավելել է, որ այս քայլերը նպաստելու են համակարգի կայունությանը և բնակչության առողջության ընդհանուր բարելավմանը։

