Ապրիլի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության առաջին 100 օրվան նվիրված միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին պետական կառույցների, բժշկական համայնքի, ֆինանսական ոլորտի և գործընկեր այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ավանեսյանն իր ելույթում ընդգծեց, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը երկար տարիների սպասված կարևոր երաշխիք էր քաղաքացիների համար, որի իրականացումը հնարավոր դարձավ տարբեր կառույցների համաժամեցված աշխատանքի շնորհիվ։ Նախարարը նշեց, որ առաջիկա տարիներին առաջնահերթությունը լինելու է արդեն իսկ ձևավորված հիմքի վրա կառուցել առավել կայուն, ընդգրկուն և բարձրորակ համակարգ՝ այն դարձնելով նաև միջազգային մակարդակում մրցունակ փորձ։
Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը։ Իր խոսքում Խարազյանը կարևորեց պետական և մասնավոր գործընկերությունը, ինչպես նաև բժշկական համայնքի աջակցությունն ու մասնագիտական ներգրավվածությունը, ինչն առանցքային դեր է ունեցել համակարգի հաջող ներդրման գործում։
Ներկաները հնարավորություն ունեցան լսելու ապահովագրական փաթեթից օգտված շահառուների իրական պատմությունները՝ որպես համակարգի արդյունավետության և հասանելիության կենդանի վկայություն։ Ներկայացվեցին հիմնադրամի գործունեության առաջին 100 օրվա հիմնական վիճակագրական ցուցանիշներն ու արձանագրված արդյունքները։ Համաձայն տվյալների՝ արդեն շուրջ 1.7 միլիոն քաղաքացի ապահովագրված է ԱՀԱ համակարգի շրջանակներում: Ապահովագրական փաթեթում ներկայումս ներառված են ավելի քան 2400 ծառայություններ, իսկ առաջին երեք ամիսներին իրականացված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 40 միլիարդ դրամ։
Միջոցառումը հնարավորություն էր մեկ հարթակում համախմբելու ոլորտի տարբեր դերակատարներին՝ ամփոփելու արդեն կատարված աշխատանքը և նախանշելու հետագա քայլերը։

