Հուլիսի 24-ին Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ենթակայությամբ գործող պոլիկլինիկաների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը վարում էր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխհատուցումների սահմանափակումները, ծառայությունների գներին վերաբերող կարգավորումները, բուժանձնակազմի վարձատրության մեխանիզմները, ինչպես նաև հիվանդությունների միջազգային դասակարգման կիրառմանն առնչվող խնդիրները։
Ներկայացվեց նաև հիմնադրամի կողմից մշակված նոր թվային հարթակը, որի նպատակն է բարձրացնել բժշկական կազմակերպությունների աշխատանքի թափանցիկությունն ու նպաստել ինքնավերահսկողությանը։ Հարթակում յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն կունենա անհատական մուտք, որի միջոցով կկարողանա տեսնել բացառապես իր կազմակերպությանը վերաբերող տվյալները, այդ թվում՝ արձանագրված խախտումները, շեղումները և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը։ Նոր համակարգը հնարավորություն կտա բժշկական կազմակերպություններին ժամանակին արձագանքել արձանագրված խնդիրներին, վերլուծել դրանք և բարելավել ծառայությունների մատուցման գործընթացները։
Հանդիպումն անցավ բաց և կառուցողական մթնոլորտում։ Պոլիկլինիկաների ներկայացուցիչները բարձրացրին իրենց գործունեության ընթացքում առաջացող հարցերն ու ներկայացրին առաջարկություններ, որոնց վերաբերյալ տրվեցին մանրամասն պարզաբանումներ և առաջարկվեցին լուծումներ։
Նման ձևաչափով հանդիպում այս շաբաթ կկայանա նաև մարզային բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

