
Սամվել Խարազյանի հարցազրույցը Արշալույս Մղդեսյանի հետ ՍիվիլՆեթի տաղավարում
ՍիվիլՆեթի տաղավարում Սամվել Խարազյանը նշել է, որ հունվար-հունիս ամիսների ծախսերի ամբողջական հաշվետվությունը հրապարակվել է հիմնադրամի պաշտոնական կայքում: Այն պարունակում է ինչպես շահառուների թվային տվյալներ, այնպես էլ բժշկական կազմակերպություններին և դեղատներին կատարված փոխհատուցումների վերաբերյալ ամբողջական պատկեր․
2029 թվական. պարտադիր սքրինինգային հետազոտություններ
Օրենքով ամրագրված է, որ 2029 թվականից ապահովագրական փաթեթի ակտիվացման պարտադիր պայման է դառնալու սքրինինգային հետազոտություններ անցնելը: Այս տարիների ընթացքում շահառուներին հորդորում ենք արդեն իսկ անցնել կանխարգելիչ հետազոտություններ։
«Սքրինինգը միայն հայտնաբերում չէ, այն ներառում է նաև խորացված ախտորոշում և բուժում, որն ամբողջությամբ փոխհատուցվում է ապահովագրական փաթեթի շրջանականերում», - հավելել է Խարազյանը:
Հետազոտությունների որակը. միասնական չափանիշներ ամբողջ Հայաստանում
Պարոն Խարազյանը վստահեցրել է, որ մարզերում և Երևանում հետազոտությունների որակը նույնն է, քանի որ կիրառվում են միևնույն թեստերն ու սարքավորումները: Բացի այդ, ապահովագրված քաղաքացին կարող է իր տարիքային խմբին համապատասխան առաջարկվող կանխարգելիչ հետազոտությունների ամբողջական ցանկը գտնել հիմնադրամի կայքում:
Նոր խմբերի միացում և 400,000 նոր շահառու
2027-2029 թթ. համակարգին միանալու են նոր խմբեր։ Սամվել Խարազյանի խոսքերով՝ նախնական հաշվարկներով՝ համակարգին հաջորդ տարի կմիանա մոտ 400,000 նոր քաղաքացի: Ընդ որում, արդեն իսկ քննարկվում են էլեկտրոնային հարթակների միջոցով վճարումների հեշտացված մեխանիզմները:
80%-ից մինչև 2%. գրպանից կատարվող ծախսերի կտրուկ նվազում
Ամենաուշագրավ վիճակագրություններից մեկը վերաբերում է քաղաքացիների սեփական միջոցներից կատարվող ծախսերին.
- Մինչև համակարգի ներդրումը (մինչև 2025թ.) դրանք կազմում էին ընդհանուր առողջապահական ծախսերի մինչև 80%:
- Ընթացիկ 6-7 ամիսներում գրպանից կատարվող վճարները (համավճարները) կազմել են ընդամենը 1.8-2%:
- Դեղորայքի համար համավճարը միջինում կազմում է 6.5-7% (նախկին 30-40%-ի փոխարեն):
«Առողջությունը չպետք է կախված լինի մարդու վճարունակությունից, և մենք գնում ենք հենց այդ ուղղությամբ», - ամփոփել է Խարազյանը:
Հաջորդ քայլերը. ակտուարական հաշվարկներ և ապահովագրավճարի վերանայման հնարավորություն
Ամեն տարի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ լիազոր մարմինը (Առողջապահության նախարարությունը) կարող է նախաձեռնել ապահովագրավճարի չափի վերանայում՝ հաշվի առնելով գնաճը, ծառայությունների գների փոփոխությունը և համակարգի ընդլայնումը:
«Առայժմ 2027-ի համար ավելացման կանխատեսում չունենք, սակայն երկարաժամկետ հատվածում ամեն ինչ կախված կլինի ռիսկերի գնահատումից», - եզրափակել է Սամվել Խարազյանը:
