
Սամվել Խարազյանի հարցազրույցը «Ֆակտոր Թիվի» լրատվականին ԱՀԱ համակարգի ներդրումից հետո արձանագրված փոփոխությունների մասին
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո առողջապահական ոլորտում արձանագրվել են էական փոփոխություններ՝ ինչպես ծառայությունների հասանելիության, այնպես էլ համակարգի արդյունավետության տեսանկյունից։ «Ֆակտոր Թիվի»-ին տված հարցազրույցում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը ներկայացրել է, թե ինչպես է համակարգի գործարկումը փոխել բժշկական ծառայություններից օգտվելու վարքագիծը և առողջապահական ռեսուրսների օգտագործումը։
Ըստ Խարազյանի՝ փոխվել է բժշկական ծառայություններից օգտվելու մշակույթը։ Եթե նախկինում ընտանեկան բժշկի անվճար այցը հաճախ չէր շարունակվում հետագա հետազոտություններով լրացուցիչ ծախսերի պատճառով, ապա այժմ ապահովագրության շրջանակում փոխհատուցվում են նաև ախտորոշիչ հետազոտություններն, նեղ մասնագետների խորհրդատվությունները և դեղորայքը։ Արդյունքում աճել է վստահությունը համակարգի նկատմամբ և նվազել ինքնաբուժության միտումը։
Առաջին 100 օրվա վիճակագրությունը հստակ արտացոլում է արձանագրված փոփոխությունները․ միայն մարտ ամսվա տվյալներով շուրջ 70,000 քաղաքացի առաջին անգամ է օգտվել առողջապահական ծառայություններից, իսկ ավելի քան 100,000-ը բուժօգնություն է ստացել բացառապես ապահովագրված լինելու շնորհիվ՝ նախկինում չլինելով պետական աջակցության ծրագրերի շահառու։
Համակարգը նաև պահպանում է ընտրության հնարավորությունը քաղաքացիների համար․ ցանկության դեպքում նրանք կարող են ընտրել կոնկրետ բժշկի և կատարել լրացուցիչ վճարում, ինչի արդյունքում ձևավորվում է մրցակցային միջավայր։
Անդրադառնալով հետագա փուլերին՝ Խարազյանը նշել է, որ նախատեսվում է ընդլայնել շահառուների շրջանակը՝ միաժամանակ ապահովելով համակարգի ֆինանսական կայունությունն ու ռիսկերի արդյունավետ կառավարումը:
