Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի Պայմանագրերի, մեթոդաբանության և որակի կառավարման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը և Ֆինանսական և ապահովագրական հատուցումների գծով տնօրեն Հայկ Բաբայանը հարցազրույց են տվել «Միր» հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով համակարգի գործարկման ընթացքը, համագործակցության մեխանիզմները և արձանագրված ֆինանսական ու գործառնական արդյունքները։
Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ այս պահին հիմնադրամը համագործակցում է շուրջ 460 բուժհաստատությունների հետ։ Համագործակցությունը կառուցված է միասնական սկզբունքների և հստակ սահմանված պարտադիր ու լրացուցիչ պայմանների հիման վրա, որոնց պետք է համապատասխանեն բոլոր գործընկեր կառույցները։ Հիմնադրամին միանալու գործընթացը կազմակերպվում է հրապարակային օֆերտայի սկզբունքով․ բուժհաստատությունները ներկայացնում են դիմում-ակցեպտ, լրացնում համապատասխան ձևաթղթերը և ներկայացնում հիմնադրամին։ Դիմումները ուսումնասիրվում են կարճ ժամկետներում, և թերությունների բացակայության դեպքում կազմակերպությունները ներառվում են գործընկերների ցանկում՝ ստանալով ապահովագրված անձանց սպասարկելու իրավունք։ Նմանատիպ ընթացակարգ գործում է նաև համագործակցող դեղատների դեպքում, որոնց թիվը հասնում է շուրջ 480-ի, ինչն ապահովում է ծառայությունների լայն հասանելիություն ողջ հանրապետության տարածքում։
Հովհաննիսյանն ընդգծել է, որ համակարգի կարևոր առավելություններից մեկը քաղաքացիների ազատ ընտրության հնարավորությունն է։ Շահառուները կարող են բաց ուղեգրով ընտրել իրենց նախընտրած բուժհաստատությունը, կատարել առցանց հերթագրում և դիմել ցանկացած գործընկեր կազմակերպության։
Անդրադառնալով ֆինանսական ցուցանիշներին՝ Հայկ Բաբայանը նշել է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է շուրջ 40 միլիարդ դրամի փոխհատուցում։ Նրա խոսքով՝ այս արդյունքները լիովին համապատասխանում են նախապես կատարված կանխատեսումներին, որոնք ներառում էին բնակչության դիմելիության մակարդակը, հիվանդությունների կառուցվածքը, քրոնիկ հիվանդությունների տարածվածությունը և համաճարակաբանական պատկերը։
Դիմելիության առումով առավել ակտիվ է 65 և բարձր տարիքային խումբը, ինչը պայմանավորված է ինչպես հիվանդությունների հաճախականությամբ, այնպես էլ ավելի բարդ և ծախսատար բուժումների անհրաժեշտությամբ։ Ըստ Բաբայանի՝ այս ցուցանիշները նույնպես համապատասխանում են նախնական կանխատեսումներին, քանի որ այս տարիքային խմբում ակնկալվում էր բարձր դիմելիություն՝ կուտակված առողջական խնդիրների պատճառով։ Ավելի երիտասարդ տարիքային խմբերում դիմելիությունը համեմատաբար ցածր է։
Բաբայանը նշել է, որ ֆինանսական տեսանկյունից համակարգի հիմնական բեռը ներկայումս կրում է պետությունը։ Միևնույն ժամանակ, վնասաբերության ցուցանիշը գտնվում է ընդունելի միջակայքում՝ կազմելով շուրջ 60 տոկոս, ինչը վկայում է համակարգի ֆինանսական հավասարակշռության պահպանման մասին։ Բարձր տարիքային խմբերում ծախսերը բնականաբար ավելի մեծ են, սակայն ընդհանուր համակարգում դրանք փոխադարձաբար կոմպենսացվում են՝ ապահովելով համերաշխության սկզբունքի իրականացումը։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներքո յուրաքանչյուրի մասնակցությունն ուղղված է ընդհանուր բարեկեցության ապահովմանը։

