Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը հյուրընկալվել է «Հրապարակում» հեռուստածրագրին, որտեղ ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման առաջին արդյունքները և զարգացման հիմնական միտումները։
Խարազյանը նշել է, որ համակարգի գործարկումից հետո արձանագրվել է դիմելիության զգալի աճ, ինչը համահունչ է եղել նախնական կանխատեսումներին։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ բնակչության մեծ մասը նախկինում սահմանափակ հասանելիություն ուներ պետության կողմից երաշխավորված բժշկական ծառայություններին, իսկ այժմ ապահովագրական համակարգի ներդրմամբ քաղաքացիները հնարավորություն ունեն ժամանակին և առանց էական ֆինանսական բեռի օգտվելու անհրաժեշտ բժշկական ծառայություններից։
Խարազյանն առանձնահատուկ կարևորել է փաթեթում ընգրկված դեղորայքի բաղադրիչը՝ նշելով, որ այս ուղղությամբ արձանագրվել է աննախադեպ ակտիվություն։ Մասնավորապես, գրանցվել է դեղորայքից օգտվող շահառուների թվի մոտ քառակի աճ։ Համակարգը գրեթե ամբողջությամբ ապահովում է սիրտ-անոթային հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիներին անհրաժեշտ դեղորայքը։ Բացի այդ, փոխհատուցվում է նաև ամբուլատոր պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների դեպքում կիրառվող դեղորայքը, ներառյալ հակաբիոտիկները և այլ անհրաժեշտ դեղամիջոցները։
Խարազյանը կարևորել է նաև ախտորոշիչ ծառայությունների հասանելիության ընդլայնումը։ Ներկայումս առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթը ներառում է ավելի քան 400 տեսակի լաբորատոր և գործիքային հետազոտություն, ինչը հնարավորություն է տալիս բժիշկներին ժամանակին նշանակել անհրաժեշտ հետազոտությունները և իրականացնել ամբողջական ախտորոշում։
Անդրադառնալով հիվանդանոցային բուժօգնությանը՝ Խարազյանն ընդգծել է, որ ապահովագրական փաթեթում ներառված են ծախսատար և նախկինում քաղաքացիների համար անհասանելի ծառայություններ, այդ թվում՝ սիրտ-անոթային միջամտություններ, քիմիաթերապևտիկ բուժում և օնկոլոգիական հիվանդությունների բուժում։ Նրա խոսքով՝ արդեն իրականացվել է շուրջ 7000 սիրտ-անոթային միջամտության փոխհատուցում, ներառյալ՝ ստենտավորումը, սրտի փականների պրոթեզավորումը և աորտակորոնար շունտավորումը։ Ամսական միջինում իրականացվում է 100–150 աորտակորոնար շունտավորում և 800–1000 սրտի ստենտավորում, որոնք ունեն կենսական նշանակության և համարվում են բարձրարժեք միջամտություններ։
Խոսելով խնդիրների մասին՝ Խարազյանն ընդգծել է, որ ծառայությունների ուղղորդման և ուղեգրման գործընթացների, ինչպես նաև առաջնային օղակի ծանրաբեռնվածության և հերթերի կառավարման հարցերի ուղղությամբ արդեն ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ հերթագրման համակարգերի արդյունավետ ինտեգրման և կառավարման մեխանիզմների բարելավման նպատակով։
Հաղորդման ավարտին Խարազյանը նաև նշել է, որ ապագայում նախատեսվում է համակարգի փուլային ընդլայնում։ Ակնկալվում է, որ 2027 թվականի հունվարից ապահովագրության համակարգին կմիանան բոլոր աշխատող քաղաքացիները, ինչպես նաև պասիվ եկամուտ ունեցող (օրինակ՝ վարձակալությունից եկամուտ ստացողները), նաև ապահովագրված անձանց հետ փոխկապակցված անձինք։ Համակարգում ներառվելու հնարավորություն կունենան նաև տաքսի ծառայություն իրականացնող քաղաքացիները։ Համակարգը նպատակ ունի մինչև 2029 թվականն ընդգրկել բնակչության ավելի քան 95%-ը։

