Մարտի 3-ին Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը և Պայմանագրերի, մեթոդաբանության և որակի կառավարման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը շրջայց կատարեցին Երևանի N2 բուժմիավորման հիվանդանոց և պոլիկլինիկա, որը վերջերս համալրել է հիմնադրամի հետ համագործակցող բուժհաստատությունների ցանկը։
Շրջայցի նպատակն էր տեղում գնահատել աշխատանքային գործընթացների կազմակերպումը, սպասարկման ծանրաբեռնվածությունը և ապահովագրական փաթեթի շրջանակում ծառայությունների մատուցման արդյունավետությունը։ Մասնավորապես քննարկվեցին հերթագրման համակարգի աշխատանքը, այցերի միջին տևողությունը, ինչպես նաև բուժանձնակազմի վարձատրության հետ կապված հարցեր։
Խարազյանն ու Հովհաննիսյանը բուժհաստատության ղեկավար կազմի հետ շրջեցին տարբեր կաբինետներով, ծանոթացան ծառայությունների կազմակերպման ընթացքին, զրուցեցին բուժանձնակազմի հետ և պատասխանեցին հարցերին։ Քննարկվեց նաև համակարգի արդյունավետությունը բարձրացնելու և ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ հնարավոր նոր լուծումների ներդրումը։
Նման շրջայցերը պարբերական բնույթ են կրելու՝ բուժհաստատությունների հետ համագործակցության խորացման և համակարգի շարունակական կատարելագործման համատեքստում։

