Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդմանը տված հարցազրույցում անդրադարձ է կատարել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի սկզբունքներին, առողջապահական ֆինանսավորման փոփոխություններին և փաթեթի շրջանակներում տրամադրվող բուժօգնությանը։
Խարազյանի խոսքով՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը հիմնված չէ սոցիալական խմբի պատկանելու սկզբունքի վրա։ Եթե նախկին պետական պատվերի համակարգում ծառայություններից օգտվելու հնարավորությունը հիմնականում կապված էր սոցիալական կարգավիճակի հետ, ապա ԱՀԱ համակարգի նպատակը երեք տարվա ընթացքում ամբողջ բնակչության ընդգրկումն է։
Խոսելով առողջապահական համակարգի ֆինանսավորման մասին՝ Խարազյանը նշել է, որ օրենքով սահմանված են ինչպես ապահովագրավճարի հաշվարկման մեթոդաբանությունը, այնպես էլ հիմնադրամի ծախսերի ուղղությունները, վարչական և պահուստային ֆոնդերի չափերը։ Ապահովագրավճարի հաշվարկի հիմքում դրված են դիմելիության մակարդակը և առավել ծախսատար հիվանդությունների, մասնավորապես՝ օնկոլոգիական և սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված ծախսերը։ Միևնույն ժամանակ, ապահովագրական փաթեթը և ապահովագրավճարի չափը բոլորի համար նույնն են, իսկ պետությունը որոշ խմբերի համար իրականացնում է սուբսիդավորման քաղաքականություն։
Հարցազրույցի ընթացքում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման և բուժման ամբողջական շղթային։ Խարազյանը նշել է, որ ապահովագրական փաթեթում ներառված են հիմնական քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման ծրագրերը՝ ներառյալ կոլոռեկտալ, արգանդի վզիկի և կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունները։ Եթե հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում են շեղումներ, ապա ավելի բարդ ախտորոշիչ հետազոտությունները ևս փոխհատուցվում են ապահովագրության շրջանակում։ Համակարգը ներառում է նաև բուժման հաջորդ փուլերը՝ վիրահատությունները, ճառագայթային թերապիան և որոշակի սահմանաչափով դեղորայքային բուժումը։ Քիմիաթերապիայի և իմունոթերապիայի համար նախատեսված է մինչև 1.2 մլն դրամի փոխհատուցում, իսկ ճառագայթային բուժումն իրականացվում է գերժամանակակից սարքավորումներով համալրված կենտրոններում՝ ամբողջությամբ փոխհատուցվելով ապահովագրական փաթեթի շրջանակում։ Խարազյանը նշել է, որ ծրագրի նպատակն է հնարավորինս նվազեցնել քաղաքացիների ֆինանսական բեռը՝ հիվանդության վաղ հայտնաբերումից մինչև բուժման և վերահսկման փուլերը։
Խարազյանն ընդգծել է նաև առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի կարևորությունը։ Նրա խոսքով՝ համակարգի ներդրման ընթացքում առաջնահերթություններից մեկը եղել է ընտանեկան բժիշկների, թերապևտների և մանկաբույժների կարողությունների զարգացումը, ինչպես նաև ֆինանսավորման մեխանիզմների բարելավումն ու վարձատրության բարձրացումը։ Ինչ վերաբերում է նեղ մասնագետներին, ապահովագրական մոդելը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ազատ ընտրել իրենց նախընտրած մասնագետին, իսկ հիմնադրամը փոխհատուցում է մատուցված ծառայությունները՝ խթանելով մրցակցային և ավելի արդյունավետ առողջապահական միջավայրի ձևավորումը։

