Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը «Դետք» լրատվականին տված հարցազրույցում խոսել է առողջապահական ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկի, առաջնային օղակի ծանրաբեռնվածության, թվային լուծումների ներդրման և համակարգի հասանելիության ընդլայնման մասին։
Խարազյանի խոսքով՝ համակարգի ներդրումից հետո զգալիորեն աճել է առողջապահական ծառայություններից օգտվողների թիվը, և վերանայվել են ընտանեկան բժիշկների, թերապևտների և մանկաբույժների աշխատանքային նորմատիվները։ Այս փոփոխությունը հնարավորություն է տվել ավելի արդյունավետ կառավարել հերթերը և սպասարկել ավելի մեծ թվով շահառուների։ Այսօր բժիշկներն նաև ավելի ակտիվ են ներգրավված բուժառուների տվյալների գրանցման, ուղեգրումների և հետագա հսկողության գործընթացներում։ Այդ բեռը նվազեցնելու նպատակով մշակվում են նոր թվային լուծումներ, այդ թվում՝ արհեստական բանականության վրա հիմնված գործիքներ, որոնք կօգնեն ավտոմատացնել որոշ վարչարարական գործընթացներ։
Հարցազրույցի ընթացքում Խարազյանն անդրադարձել է նաև կանխարգելիչ բժշկության զարգացմանը։ Ըստ Խարազյանի՝ ներդրվել են էլեկտրոնային գործիքներ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են ինքնուրույն հերթագրվել սքրինինգային հետազոտությունների, իսկ բժշկական կազմակերպություններում ստեղծվում են հատուկ սքրինինգային սենյակներ։
Անդրադառնալով դեղորայքային ապահովմանը՝ Խարազյանը նշել է, որ ներկայումս հիմնադրամի հետ համագործակցում է շուրջ 1300 դեղատուն։ Նրա խոսքով՝ դեղատնային ցանցի ընդլայնմանը զուգահեռ ներդրվել են նաև դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմներ, որոնք քաղաքացիների համար ապահովում են ավելի ճկուն և հարմարավետ ընտրության հնարավորություն։ Այս նոր մեխանիզմը քաղաքացիներին հնարավորություն է տալիս ընտրել նույն ազդող նյութն ունեցող տարբեր դեղամիջոցների միջև՝ պահպանելով փոխհատուցումների թափանցիկ և հասկանալի համակարգ։ Սա հատկապես կարևոր է քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար, ովքեր հաճախ նախընտրում են որոշակի արտադրողի դեղամիջոցներ՝ ելնելով դրանց հանդեպ ձևավորված վստահությունից կամ անհատական տանելիությունից։
Խոսելով համակարգի հետագա զարգացման մասին՝ Սամվել Խարազյանը նշել է, որ հիմնադրամի նպատակն է ապահովել հիմնական առողջապահական ծառայությունների առավել լայն հասանելիություն Հայաստանի բոլոր մարզերում։ Համակարգի զարգացման կարևոր ուղղություններից է նաև պետական և մասնավոր հատվածների գործընկերության խորացումը։ Այդ նպատակով շարունակվում է համագործակցությունը մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ լրացուցիչ ապահովագրական փաթեթների զարգացման և ապահովագրական ծածկույթների փոխլրացման ուղղությամբ։
Խարազյանի գնահատմամբ՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը շարունակում է զարգանալ՝ արձագանքելով ինչպես քաղաքացիների, այնպես էլ առողջապահական համակարգի մասնակիցների կարիքներին։

