Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը Banks.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման անհրաժեշտությանը, առաջին արդյունքներին և առաջիկա քայլերին։
Խարազյանի խոսքով՝ տարիներ շարունակ Հայաստանում գործել է առողջապահության սոցիալական ֆինանսավորման մոդելը, որի պայմաններում բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունը հիմնականում կախված է եղել սոցիալական կարգավիճակից։ Արդյունքում բնակչության միայն շուրջ 30–40%-ն էր օգտվում սահմանափակ ծավալի երաշխավորված բժշկական օգնությունից, ինչը հաճախ հանգեցնում էր առողջապահական ծախսերի բարձր ֆինանսական բեռի։ Նրա խոսքով՝ նախկինում առողջապահական ծառայությունների դիմաց քաղաքացիների անմիջական վճարումները կազմել են ընդհանուր առողջապահական ծախսերի շուրջ 80%-ը, ինչի հետևանքով մարդիկ հաճախ հետաձգել են բժշկի դիմելը՝ հետագայում բախվելով ավելի բարդ առողջական խնդիրների։ Խարազյանը նշել է, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հիմնական նպատակներից մեկն այս խոչընդոտների հաղթահարումն է և առողջության նկատմամբ քաղաքացիների վարքագծի փոփոխությունը։
Անդրադառնալով համակարգի գործարկման առաջին ամիսներին՝ նա նշել է, որ սկզբնական շրջանում արձանագրվել է երկար ժամանակ չլուծված առողջական խնդիրներով պայմանավորված դիմելիության աճ, որն այժմ կառավարելի է։ Նրա խոսքով՝ այս գործընթացին նպաստել են առողջապահական ենթակառուցվածքների զարգացումը, մարզային բժշկական կենտրոնների վերազինումը և պետական ու մասնավոր բժշկական կազմակերպությունների ավելի լայն ներգրավվածությունը։
Խարազյանի գնահատմամբ՝ ԱՀԱ համակարգի գործարկման առաջին ամիսների կարևոր ցուցանիշներից մեկն այն է, որ յուրաքանչյուր երրորդ ապահովագրված անձ արդեն օգտվել է համակարգի շրջանակում տրամադրվող որևէ ծառայությունից կամ դեղորայքից։ Համաձայն վիճակագրության՝ առավել ակտիվ օգտվողները հիմնականում 65 և բարձր տարիքի քաղաքացիներն են։ Ամենահաճախ օգտագործվող ծառայությունների թվում են աչքի վիրահատությունները, սրտի ստենտավորումը, տարբեր ախտորոշիչ հետազոտություններն ու բուժումները։ Վերջին ամիսներին աճել են դեղորայքային ապահովման և ախտորոշիչ հետազոտությունների ծավալները, ընդլայնվել է նաև քիմիաթերապևտիկ բուժման շրջանակը։ ԱՀԱ փաթեթը ներառում է նաև իմունոթերապիայի դեղորայք և ժամանակակից սարքավորումներով իրականացվող ճառագայթային բուժման ծառայություններ։
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Խարազյանն ընդգծել է սքրինինգային հետազոտությունների կարևորությունը՝ նշելով, որ հիվանդությունների վաղ հայտնաբերումը կարևոր է ինչպես քաղաքացիների առողջության պահպանման, այնպես էլ համակարգի ծախսարդյունավետության տեսանկյունից։
«Առողջության մասին անհրաժեշտ է հոգ տանել առողջ ժամանակ», – նշել է Խարազյանը։

