
Սոցիալական փաթեթից՝ առողջության համընդհանուր ապահովագրություն. ի՞նչ է փոխվելու 2027 թվականից
2027 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի սոցիալական փաթեթի ծրագրի ֆինանսավորումը, իսկ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին կմիանան բնակչության նոր խմբեր: Փոփոխությունների մասին «Արմենպրես»-ի տաղավարում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանը, Աշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատանքային իրավունքի քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Հարությունյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը։
Սոցիալական փաթեթի ծրագիրը ներդրվել էր 2012-2013 թվականներին՝ կրթական, սոցիալական և առողջապահական մի շարք խնդիրների լուծման նպատակով։ Տարիների ընթացքում ծրագրի առանձին բաղադրիչների համար կիրառվել էին տարբեր համակարգային լուծումներ։ 2027 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի՝ որպես բյուջետային ծրագրի ֆինանսավորումը կդադարեցվի։
Անդրադառնալով պետական հատվածի աշխատողներին՝ Բաբայանը նշել է, որ սոցփաթեթով նախատեսված ամսական 6 հազար դրամի տրամադրումը կդադարեցվի, իսկ պետական հատվածի աշխատողների մի մասի ապահովագրական հատուցումները օրենքով սահմանված կարգով կիրականացվեն պետական բյուջեի միջոցների հաշվին:
2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին կմիանան նոր շահառու խմբեր, այդ թվում՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատողները, որոնց թիվը շուրջ 340-350 հազար է։ Այս խմբի համար նախատեսվում է, որ ամսական 10,800 դրամ ապահովագրավճարից 2000 դրամը պահվելու է աշխատողի աշխատավարձից, իսկ 4400 դրամը վճարվելու գործատուի կողմից` սեփական միջոցների հաշվին (մնացած 4400 ՀՀ դրամը՝ 2027 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին):
2027 թվականից կապահովագրվեն նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք։
Նոր հնարավորություն է նախատեսվում նաև ընտանիքի անդամների ապահովագրության համար։ Ապահովագրված քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց ցանկությամբ ապահովագրել ընտանիքի՝ ՀՀ ռեզիդենտ այն անդամին, որը չի պատկանում պետության կողմից ապահովագրվող սոցիալական խմբերից որևէ մեկին։
Բաբայանը նշել է, որ ամսական 10,800 դրամ սահմանված ապահովագրավճարը համակարգի գործունեության առաջին փուլում ցույց է տվել իր գործունակությունը։ Հիմնադրամի հատուցումների գործակիցը ներկայում կազմում է շուրջ 93-95 տոկոս, ինչը, Բաբայանի գնահատմամբ, վկայում է համակարգի ֆինանսական կենսունակության և կայունության մասին։ Նա ընդգծել է, որ 2026 թվականին համակարգին միացած խմբերի թվում եղել են առողջապահական ծառայությունների առավել մեծ կարիք ունեցող շահառուներ, հետևաբար նրանց ծախսային բեռն ավելի բարձր է։ 2027 թվականին միացող խմբերի դեպքում նույն աստիճանի ծախսային ծանրաբեռնվածություն չի ակնկալվում։ Այս հանգամանքները հաշվի առնելով՝ ապահովագրավճարի չափը հաջորդ տարվա համար կմնա անփոփոխ։
Բաբայանը խոսել է նաև համակարգում կանխարգելիչ բուժզննումների կարևորության և նախատեսվող փոփոխությունների մասին։ 2029 թվականից, երբ բարեփոխումը կիրականացվի ամբողջ ծավալով, նախատեսվում է ապահովագրական ծածկույթից ամբողջությամբ օգտվելու հնարավորությունը կապել նաև քաղաքացիների կողմից սահմանված պարբերականությամբ կանխարգելիչ բուժզննումներ անցնելու հետ։ Կմշակվի համապատասխան ժամանակացույց, որով քաղաքացիները կանցնեն անհրաժեշտ նախնական և կանխարգելիչ հետազոտությունները։
