
Հիմնադրամը Ճապոնիայում մասնակցել է առողջապահության ոլորտում արհեստական բանականության կիրառմանը նվիրված տարածաշրջանային աշխատաժողովին
2026 թվականի նոյեմբերի 2-6-ը Ճապոնիայի Նագոյա քաղաքում անցկացվել է «Առողջապահության ոլորտում արհեստական բանականության կիրառումը՝ հանուն դիմակայուն, ներառական և կայուն առողջապահական համակարգերի» խորագրով տարածաշրջանային հնգօրյա աշխատաժողովը, որին մասնակցել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի Փոխհատուցման ռիսկերի կառավարման թիմի ղեկավար Ռիմա Կիրակոսյանը։
Աշխատաժողովը կազմակերպվել էր Ասիական զարգացման բանկի կողմից՝ Ասիական զարգացման բանկի ինստիտուտի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համատեղ։
Միջոցառման նպատակն էր նպաստել առողջապահական համակարգերում արհեստական բանականության պատասխանատու ներդրմանն ու կիրառման ընդլայնմանը՝ մասնակից երկրներին տրամադրելով գործնական գիտելիքներ, միջազգային փորձի ուսումնասիրության և համագործակցության հնարավորություններ։
Աշխատաժողովի ծրագիրը ներառել է մասնագիտական դասախոսություններ, գործնական աշխատանքներ, ուսումնական այցելություններ և փորձի փոխանակմանն ուղղված քննարկումներ։
Դասախոսությունների ընթացքում անդրադարձ է կատարվել առողջապահական համակարգերի՝ արհեստական բանականության ներդրմանը պատրաստվածությանը, ոլորտի կառավարման և կարգավորման մեխանիզմներին, էթիկական սկզբունքներին, տվյալների կառավարմանը, ինչպես նաև բուժօգնության կազմակերպման, երկարաժամկետ խնամքի և առողջապահության ֆինանսավորման ոլորտներում ԱԲ կիրառման հնարավորություններին ու ռիսկերին։
Գործնական աշխատանքների ընթացքում մասնակիցները գնահատել են իրենց երկրների առողջապահական համակարգերի առանձնահատկություններն ու տեխնոլոգիական պատրաստվածությունը, վերլուծել կառավարման և իրավակարգավորման առկա բացերը, ինչպես նաև մշակել արհեստական բանականության ներդրման հնարավոր ճանապարհային քարտեզների նախնական նախագծեր։
Աշխատաժողովի շրջանակում անցկացված «Թվային առողջապահությունն ու արհեստական բանականությունը գործնականում․ Հայաստանի, Ուզբեկստանի, Ինդոնեզիայի և Բութանի փորձը» խորագրով պանելային քննարկմանը ներկայացվել է չորս երկրների, այդ թվում՝ Հայաստանի փորձը։ Ռիմա Կիրակոսյանը, որպես պանելային քննարկման բանախոս, անդրադարձել է երկրում առողջապահության թվային վերափոխման գործընթացին, «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգին և առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման գործընթացում թվային լուծումների դերակատարությանը։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից էին նաև ուսումնական այցելությունները Ճապոնիայի առողջապահական և նորարարական էկոհամակարգի կառույցներ՝ ծանոթանալու թվային առողջապահության և արհեստական բանականության կիրառման գործնական օրինակներին։ Ուշադրության կենտրոնում էին, մասնավորապես, բժշկական որոշումների կայացման աջակցման և ախտորոշման ԱԲ լուծումները, տարեցների երկարաժամկետ խնամքի թվային հարթակները, առողջապահական ֆինանսավորման և ապահովագրության համակարգերում կանխատեսող վերլուծության ու ավտոմատացման գործիքները։
Հնգօրյա աշխատաժողովը կարևոր հարթակ է հանդիսացել միջազգային փորձի փոխանակման, առողջապահության ոլորտում արհեստական բանականության կիրառման հնարավորությունների գնահատման և նորարարական լուծումների պատասխանատու ներդրման վերաբերյալ գործնական գիտելիքների ընդլայնման համար։