Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի Սքրինինգային ծրագրերի կառավարման գծով գլխավոր տնօրենի խորհրդական Անի Ալավերդյանը Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդման եթերում ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում ներառված արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելիչ հետազոտության մանրամասները։
ԱՀԱ փաթեթի շրջանակում 30–60 տարեկան կանանց համար հասանելի է մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) հայտնաբերման ՊՇՌ հետազոտությունը, որն այսօր համարվում է արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը։ Ալավերդյանի խոսքով՝ ի տարբերություն նախկինում լայնորեն կիրառվող ՊԱՊ թեստի, որը հայտնաբերում է արդեն փոփոխված բջիջները, ՊՇՌ թեստը հնարավորություն է տալիս հայտնաբերել վիրուսը մինչև բջջային փոփոխությունների առաջացումը։ Եթե ՊԱՊ թեստի զգայունությունը կազմում է 60–80 տոկոս, ապա ՊՇՌ թեստի դեպքում այն գերազանցում է 95 տոկոսը, ինչը զգալիորեն մեծացնում է վիրուսի ժամանակին հայտնաբերման հնարավորությունը։
Հետազոտության կարևոր առավելություններից է նաև ինքնանմուշառման հնարավորությունը։ Կինը կարող է բուժհաստատությունից ստանալ հատուկ հավաքածու՝ պարզ հրահանգներով, և ինքնուրույն վերցնել նմուշը։ Ընդ որում, հետազոտության արդյունավետությունը նույնն է՝ անկախ նրանից՝ նմուշառումն իրականացվել է բուժաշխատողի, թե կնոջ կողմից։
Եթե ՄՊՎ թեստի պատասխանը դրական է, դա դեռ չի նշանակում, որ առկա է քաղցկեղ։ Այդ դեպքում իրականացվում է կոլպոսկոպիկ հետազոտություն, որի ընթացքում բժիշկը մանրադիտակային եղանակով զննում է արգանդի պարանոցը։ Անհրաժեշտության դեպքում հաջորդիվ կատարվում է բիոպսիա, և բժիշկը վերցնում է հյուսվածքի նմուշ։ Հյուսվածաբանական հետազոտության արդյունքներից կախված՝ որոշվում է հետագա հսկողության կամ բուժման ընթացքը։ Եթե փոփոխություններ չեն հայտնաբերվում, մեկ տարի անց կրկնվում է ՄՊՎ հետազոտությունը, իսկ բացասական պատասխանի դեպքում հաջորդ սքրինինգը կատարվում է հինգ տարի անց։
Ալավերդյանը նշել է, որ ծրագրի շրջանակում կոլպոսկոպիա իրականացնող մասնագետները վերապատրաստվել են Քաղցկեղի կանխարգելման և կոլպոսկոպիայի միջազգային ֆեդերացիայի (IFCPC) կողմից և ստացել միջազգային սերտիֆիկատներ։ Հետազոտությունն իրականացվում է միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կողմից սահմանված տեխնիկական չափանիշներին համապատասխանող բուժհաստատություններում՝ ապահովելով ծառայության բարձր որակը։
Ալավերդյանն ընդգծել է, որ հետազոտությանը մասնակցելու ընթացակարգը հնարավորինս պարզեցված է․ կանայք կարող են առանց ուղեգրի դիմել իրենց առողջության առաջնային պահպանման օղակ։
Անդրադառնալով հիվանդության կանխարգելման միջազգային փորձին՝ Ալավերդյանը ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության 90–70–90 ռազմավարությունը, որի համաձայն՝ աղջիկների 90 տոկոսը պետք է պատվաստված լինի ՄՊՎ-ի դեմ, կանանց 70 տոկոսը պետք է մասնակցի սքրինինգային հետազոտություններին, իսկ հիվանդություն ունեցող կանանց 90 տոկոսը՝ ստանա ժամանակին բուժում։ Ալավերդյանի խոսքով՝ այս մոտեցման արդյունավետությունն արդեն ապացուցված է միջազգային փորձով։ Օրինակ՝ Ավստրալիան, որտեղ ՄՊՎ պատվաստումների ծրագիրը ներդրվել է դեռևս 2007 թվականին, այսօր համարվում է արգանդի պարանոցի քաղցկեղը հաղթահարած երկիր։ Այդ կարգավիճակը սահմանվում է, երբ հիվանդացության մակարդակը չի գերազանցում տարեկան 4 դեպքը 100 հազար կնոջ հաշվով։ Հայաստանի դեպքում ներկայումս այդ ցուցանիշը շուրջ 17 է։
Ամփոփելով՝ Ալավերդյանը նշել է, որ Հայաստանն արդեն ունի հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ բոլոր գործիքները՝ պատվաստում, սքրինինգ և բուժում, ուստի կարևոր է, որ կանայք օգտվեն այս հնարավորությունից և չառաջնորդվեն տարածված միֆերով։

