
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ կարևոր հարցերի պատասխանները՝ «Ամեն առավոտ»–ի եթերում
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի Պայմանագրերի, մեթոդաբանության և որակի կառավարման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը հյուրընկալվել է «Ռադիո Մարշալ»–ի «Ամեն առավոտ» փոդքասթին՝ ներկայացնելով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործունեության սկզբունքները, բժշկական կազմակերպությունների հետ համագործակցության պայմանները և ապահովագրված քաղաքացիներին առավել հաճախ հետաքրքրող հարցերի պատասխանները։
Զրույցի ընթացքում Հովհաննիսյանն ընդգծել է, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հիմքում բուժօգնության հասանելիության հավասար հնարավորությունների ապահովման սկզբունքն է։ Համակարգի նպատակն է քաղաքացիներին տրամադրել բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորություններ՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից և ֆինանսական հնարավորություններից։ Բնակչության մի շարք սոցիալական խմբերի համար ապահովագրավճարն ամբողջությամբ սուբսիդավորվում է պետության կողմից՝ ապահովելով նրանց ընդգրկվածությունն ընդհանուր համակարգում։
Խոսելով ապահովագրական ծածկույթի հետագա ընդլայնման մասին՝ նա նշել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է համակարգում ընդգրկել նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց՝ վերացնելով ներկայում գործող եկամտային շեմը։
Հաղորդման ընթացքում մանրամասն ներկայացվել են բժշկական կազմակերպությունների ընտրության չափորոշիչներն ու հիմնադրամի հետ համագործակցության պայմանները։ Հովհաննիսյանը պարզաբանել է, որ համագործակցությունը հիմնված է կամավորության սկզբունքի վրա, իսկ բժշկական կազմակերպությունների նկատմամբ սահմանված պահանջները կարգավորվում են ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ։ Կախված մատուցվող ծառայությունների տեսակից՝ բժշկական կազմակերպությունները պետք է համապատասխանեն սահմանված չափորոշիչներին։ Դրանք վերաբերում են ինչպես տեխնիկական հագեցվածությանը և անհրաժեշտ սարքավորումների առկայությանը, այնպես էլ մասնագետների որակավորմանն ու բժշկական գործելակարգերի պահպանմանը։ Պայմանագրի կնքումը, սակայն, վերահսկողության գործընթացի ավարտը չէ։ Հիմնադրամն իրականացնում է վերապատրաստումներ, ինչպես նաև պարբերական պլանային և արտապլանային ստուգայցեր՝ գնահատելու բժշկական կազմակերպությունների համապատասխանությունը սահմանված պահանջներին, ծառայությունների մատուցման պայմաններն ու որակը։
Հովհաննիսյանը ներկայացրել է նաև ապահովագրական փաթեթի կառուցվածքը՝ նշելով, որ այն ներառում է հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժօգնություն, լաբորատոր-գործիքային հետազոտություններ և դեղորայքային ապահովում։ Փաթեթում ընդգրկված ծառայությունների, փոխհատուցվող դեղերի և հիմնադրամի հետ համագործակցող բժշկական կազմակերպությունների ցանկերը հասանելի են հիմնադրամի պաշտոնական կայքում։ Հովհաննիսյանը հավելել է, որ փոխհատուցվող դեղերի ցանկում կողմնորոշվելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն դեղի առևտրային անվանումը, այլև դրա ազդող նյութը։ Հետևաբար, եթե քաղաքացու փնտրած դեղը տվյալ առևտրային անվանմամբ ներառված չէ ցանկում, հնարավոր է՝ առկա լինի նույն ազդող նյութը պարունակող այլընտրանքային տարբերակ։
Հաղորդման ընթացքում քննարկվել են նաև բժշկական ծառայություններից օգտվելու ընթացակարգերը, մասնավորապես՝ քրոնիկ հիվանդությունների դեպքում բուժօգնության դիմելու և համապատասխան ծառայություններից օգտվելու առանձնահատկությունները։
Հովհաննիսյանն անդրադարձել է նաև մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ համագործակցությանը։ Նշվել է, որ հիմնադրամը մասնավոր ապահովագրողների հետ կնքել է համագործակցության հուշագրեր, որոնց նպատակն է ապահովել պետական և մասնավոր ապահովագրական համակարգերի փոխլրացնող գործունեությունը։