
Առողջության համընդհանուր ապահովագրության առաջին ինն ամիսների արդյունքներն ու 2027 թվականի ընդլայնման հեռանկարները
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման առաջին ինն ամիսներին զգալիորեն աճել են ինչպես ապահովագրված անձանց, այնպես էլ բժշկական ծառայություններից օգտված շահառուների թվերը։ Համակարգի գործունեության արդյունքների, բուժօգնության նկատմամբ պահանջարկի փոփոխությունների, ֆինանսական ցուցանիշների և 2027 թվականին նախատեսվող ընդլայնման մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանը։
Արձանագրված տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին ապահովագրված անձանց թիվը 1,574,219-ից հասել է 1,818,771-ի՝ աճելով 15.5%-ով։ Էականորեն ավելացել է բժշկական ծառայություններից օգտված շահառուների թիվը՝ սեպտեմբերի դրությամբ հասնելով 1,020,527-ի։ Համակարգի գործարկման ինն ամիսների ընթացքում ապահովագրված անձանց 56.1%-ն արդեն օգտվել է ապահովագրական փաթեթում ներառված առնվազն մեկ ծառայությունից, մինչդեռ հունիսին այդ ցուցանիշը 42.4% էր։ Հունվար–սեպտեմբեր ամիսներին իրականացված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմել է 163.7 մլրդ դրամ։
Բաբայանի խոսքով՝ հատկանշական է, որ շահառուների թվում զգալի մաս են կազմում այն քաղաքացիները, որոնք վերջին 5–10 տարվա ընթացքում առաջին անգամ են օգտվել առողջապահական ծառայություններից։ Սա ցույց է տալիս, որ ապահովագրական համակարգի ներդրմամբ բուժօգնությունն ավելի հասանելի է դարձել նաև այն քաղաքացիների համար, որոնք նախկինում տարիներ շարունակ չեն դիմել բժշկի։
Բաբայանը նշել է, որ հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բուժօգնության նկատմամբ հատկապես մեծ պահանջարկ է գրանցվել բարձր տարիքային խմբերում։ Քաղաքացիները հիմնականում դիմել են սիրտ-անոթային, ակնաբուժական և ոսկրահոդային խնդիրների հետ կապված բուժօգնության համար։ Նախկինում կուտակված բուժման պահանջարկի հետևանքով մեծ է եղել հատկապես բարձրարժեք վիրաբուժական միջամտությունների թիվը։ Մասնավորապես, հունվար–սեպտեմբեր ամիսներին կատարակտի բուժման ծառայություններից օգտվել է 25,561 շահառու։ Հիմնադրամի ակտուարական գնահատականներով՝ սա կարող է կազմել կատարակտի կուտակված դեպքերի շուրջ 30%-ը, իսկ մինչև տարեվերջ այդ ցուցանիշը կարող է հասնել 40–50%-ի։ Նույն ժամանակահատվածում սիրտ-անոթային վիրաբուժական ծառայություններից օգտվել է 9,473 շահառու։
Չնայած գործարկման սկզբնական շրջանում բարձրարժեք ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկին՝ համակարգի ֆինանսական ցուցանիշները պահպանվել են կանխատեսված շրջանակներում։ Բաբայանի ներկայացմամբ՝ հատուցումների գործակիցը կազմել է 93%, ինչը նա գնահատել է որպես դրական արդյունք։
Դեղորայքային ապահովումը շարունակում է մնալ ապահովագրական համակարգի առավել լայնորեն կիրառվող ուղղություններից մեկը։ Առաջին ինն ամիսներին գրանցվել է դեղերի տրամադրման ավելի քան 4 մլն դեպք։ Տրամադրված դեղերի կառուցվածքում զգալի մասնաբաժին ունեն սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի բուժման համար նախատեսված դեղերը։
Հաջորդ տարվա կարևոր փոփոխություններից մեկը լինելու է ապահովագրված անձանց շրջանակի ընդլայնումը։ 2027 թվական հունվարի մեկից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին կմիանան նաև ամսական մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող շուրջ 340,000 աշխատողներ։
Բացի այդ, 2027 թվականից համակարգում կընդգրկվեն նաև վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին և ռոյալթի ստացող ֆիզիկական անձինք, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները, մինչև 2.4 մլն դրամ տարեկան համախառն եկամուտ ունեցող անհատ ձեռնարկատերերն ու նոտարները, օրենսդրությամբ սահմանված ազդակիր համայնքներում գյուղատնտեսական անհատական գործունեությամբ զբաղվողները, ապահովագրված անձանց փոխկապակցված անձինք, ինչպես նաև մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձինք։
Ապահովագրված անձանց շրջանակի ընդլայնումը և բուժօգնության նկատմամբ պահանջարկի կառուցվածքի փոփոխությունը կնշանավորեն համակարգի զարգացման հաջորդ փուլը՝ նպաստելով առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացմանը և համակարգի երկարաժամկետ կայունության ամրապնդմանը։