
Ամփոփվել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործունեության առաջին ինն ամիսների արդյունքները
Նոյեմբերի 17-ին «Արմենպրես»-ի տաղավարում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործունեության առաջին ինն ամիսների արդյունքների ամփոփմանը։ Ասուլիսի ընթացքում ներկայացվել են 2026 թվականի երրորդ եռամսյակի հիմնական ցուցանիշները, ապահովագրական փաթեթի շրջանակում բժշկական ծառայություններից օգտվելու տվյալները, իրականացված հատուցումների ծավալները, ինչպես նաև հետագա ընդլայնման առաջնահերթությունները։
Ասուլիսի բանախոսներն էին Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանը, իրավական ապահովման գծով տնօրեն Իզաբել Աբգարյանը և ֆինանսական և ապահովագրական հատուցումների գծով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տատյանա Մարկարյանը։
Ներկայացված տվյալները վկայում են, որ այս ընթացքում ընդլայնվել է ապահովագրական ընդգրկվածությունը. եթե 2026 թվականի հունվարին ապահովագրված անձանց թիվը կազմում էր 1,574,219, ապա սեպտեմբերին այն հասել է 1,818,771-ի։ Այսպիսով, նշված ժամանակահատվածում ապահովագրվածների թիվն աճել է 15․5 տոկոսով՝ ավելանալով ավելի քան 244 հազարով։
Ապահովագրված անձանց թվի աճին զուգահեռ ավելացել է նաև բժշկական ծառայություններից օգտվողների թիվը։ Սեպտեմբերի դրությամբ ապահովագրական փաթեթում ներառված ծառայություններից օգտվել է 1,020, 527 անձ։ Հատկանշական է, որ համակարգի գործունեության ինն ամիսների ընթացքում ապահովագրվածների 56․1 տոկոսն արդեն օգտվել է փաթեթով նախատեսված առնվազն մեկ բժշկական ծառայությունից։ Համեմատության համար՝ հունիսին այդ ցուցանիշը կազմում էր 42․4 տոկոս։ Այս փոփոխությունը ցույց է տալիս, որ ապահովագրական ծածկույթից փաստացի օգտվողների մասնաբաժինը ժամանակի ընթացքում աճել է։
Զգալի է եղել նաև դեղորայքի ծրագրից օգտվելու ակտիվությունը։ 2026 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ծրագրից օգտվել է 479,933 շահառու։ Ինն ամսվա ընթացքում գրանցվել է դեղերի տրամադրման 4,101,823 դեպք, դուրս է գրվել 4,136,289 դեղատոմս, իսկ դեղորայքի համար վճարված ընդհանուր գումարը կազմել է շուրջ 25 մլրդ դրամ։ Դեղորայքի ծախսերի աճ է արձանագրվել նաև եռամսյակային կտրվածքով։ Մասնավորապես, երրորդ եռամսյակում՝ հուլիսից սեպտեմբեր, դեղորայքի ծախսը կազմել է 10,47 մլրդ դրամ՝ երկրորդ եռամսյակի համեմատ աճելով 13.7 տոկոսով, իսկ առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցելով ավելի քան երկու անգամ։
Ասուլիսի կարևոր թեմաներից էին նաև ապահովագրական հատուցումներն ու ֆինանսական արդյունքները։ 2026 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմել է 163,7 մլրդ դրամ։
Անդրադարձ է կատարվել նաև մատուցվող բժշկական ծառայությունների որակի ապահովմանն ու վերահսկողությանը։ Նշվել է, որ հիմնադրամում գործում են բազմաբաղադրիչ վերահսկողական մեխանիզմներ, որոնք ուղղված են պայմանագրային բուժհաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի ապահովմանը։ Միաժամանակ ներդրվում են հերթերի ավտոմատացման մեխանիզմներ՝ բուժառուների սպասարկման գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։
Ասուլիսի ավարտին լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու հիմնադրամի ղեկավար կազմին և պարզաբանումներ ստանալու ներկայացված տվյալների ու նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ։