
Բժշկական օգնության պահանջարկը, հիմնադրամի ֆինանսական կայունությունն ու սպասվող փոփոխությունները․ Հայկ Բաբայանը՝ համակարգի ներկայի ու ապագայի մասին
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման առաջին տարին հնարավորություն է տվել գնահատելու ոչ միայն իրականացված բարեփոխման ֆինանսական կենսունակությունը, այլև բնակչության բժշկական օգնության իրական պահանջարկը, բուժհաստատությունների պատրաստվածությունն ու համակարգի հետագա ընդլայնման հնարավորությունները։ Այս հարցերին «Ֆակտոր Թիվի»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանը՝ ներկայացնելով առաջին տարվա արդյունքները, արձանագրված մարտահրավերներն ու առաջիկա անելիքները։
Բաբայանի գնահատմամբ՝ առաջին տարվա ֆինանսական ցուցանիշները հաստատել են դեռևս 2018 թվականից ՀՀ առողջապահության նախարարության ղեկավարությամբ և միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացված հաշվարկների հիմնավորվածությունը։ Տվյալները ցույց են տալիս, որ մեկ ապահովագրված անձի համար սահմանված ամսական 10,800 դրամ ապահովագրավճարը համապատասխանում է համակարգի փաստացի ֆինանսական պահանջներին։ Հավաքագրված ապահովագրավճարների և քաղաքացիներին տրամադրված բժշկական ծառայությունների դիմաց կատարված հատուցումների հարաբերակցությունը՝ հատուցումների գործակիցը, կազմել է 93%։ Կանխատեսվում է, որ տարեվերջին այն չի գերազանցի 95%-ը՝ պահպանելով համակարգի վճարունակությունը։ Երկարաժամկետ հեռանկարում նախատեսվում է հատուցումների գործակիցը հասցնել 88%-ի՝ մնացած միջոցներն ուղղելով համակարգի կառավարման ծախսերի ֆինանսավորմանն ու պահուստների ձևավորմանը։ Վերջիններս անհրաժեշտ են հնարավոր ֆինանսական ցնցումների պայմաններում համակարգի կայունությունն ապահովելու համար։
Առաջին տարվա առանձնահատկություններից է նաև ապահովագրավճարների կառուցվածքը․ դրանց ավելի քան 80%-ը վճարվել է պետության կողմից, մինչդեռ աշխատավարձից ապահովագրավճար կատարողների մասնաբաժինը կազմել է շուրջ 10–15%։
2027 թվականից ապահովագրության համակարգին կմիանան շահառուների նոր խմբեր, ինչի արդյունքում ապահովագրված անձանց թիվը կարճ ժամանակում կգերազանցի երկու միլիոնը։ Մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար կգործի համաֆինանսավորման սկզբունքը․ ամսական 10,800 դրամ ապահովագրավճարից 2,000 դրամը կվճարի աշխատողը, 4,400 դրամը՝ գործատուն, ևս 4,400 դրամը՝ պետությունը։ Ավելի բարձր աշխատավարձ ստացողներն ապահովագրավճարը կվճարեն ամբողջությամբ՝ պահպանելով եկամուտների հայտարարագրման միջոցով դրա մի մասը հետ ստանալու հնարավորությունը։
Համակարգի առաջին տարվա փորձառությունը ցույց է տվել, որ բժշկական օգնության ամենամեծ պահանջարկը ձևավորվել է 65 և բարձր տարիքի քաղաքացիների շրջանում։ Բաբայանի խոսքով՝ կենսաթոշակառուների շուրջ 80%-ն արդեն օգտվել է ապահովագրական փաթեթում ներառված ծառայություններից։ Դիմելիության բարձր ցուցանիշը պայմանավորված է ինչպես ընթացիկ առողջական խնդիրներով, այնպես էլ տարիների ընթացքում կուտակված հիվանդությունների առկայությամբ։ Միայն կատարակտի վիրահատություն է կատարվել շուրջ 28 հազար քաղաքացու։
Այս հանգամանքը կարևոր է նաև հաջորդ տարվա ծանրաբեռնվածությունը գնահատելիս։ Բաբայանի պնդմամբ՝ առաջին տարին ֆինանսական և բժշկական ծառայությունների պահանջարկի տեսանկյունից առավել ծանրաբեռնվածն էր, քանի որ համակարգ էին մուտք գործել երկար ժամանակ չլուծված խնդիրներ ունեցող բազմաթիվ քաղաքացիներ։ Դրանց զգալի մասն արդեն ստացել է անհրաժեշտ բուժօգնություն, ուստի հետագայում ակնկալվում է պահանջարկի առավել հավասարակշռված բաշխում։ Միաժամանակ բուժհաստատությունները, գնահատելով դիմելիության փաստացի ծավալները, աստիճանաբար ընդլայնում են իրենց կադրային և նյութատեխնիկական հնարավորությունները։ Այս ամենը հիմք է տալիս կանխատեսելու, որ նոր շահառուների միացումը չի հանգեցնի սպասման հերթերի էական ավելացման։
Անդրադառնալով ապահովագրական փաթեթի ծավալին՝ Բաբայանը նշել է, որ այն ներառում է ավելի քան 2,800 բժշկական ծառայություն։ Նախատեսվում է, որ բնակչության ամբողջական ընդգրկումից հետո համակարգը կֆինանսավորի երկրի առողջապահական ծախսերի շուրջ 60%-ը։
Ֆինանսական ցուցանիշներից և ծառայությունների հասանելիությունից զատ՝ բարեփոխման երկարաժամկետ նշանակությունը Բաբայանը կապել է բնակչության առողջության բարելավման և կյանքի սպասվող տևողության աճի հետ։ Հայաստանում վերջին տարիներին այդ ցուցանիշը հասել է շուրջ 78–79 տարվա։ Նրա գնահատմամբ՝ առաջիկա տասնամյակում նպատակ պետք է դառնա կյանքի սպասվող տևողության ևս 2–3 տարով ավելացումը։ Դրան հասնելու կարևոր նախապայմաններից է կանխարգելիչ բժշկության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։
Համակարգի զարգացման հաջորդ ուղղություններից է բժշկական ծառայությունների հերթագրման գործընթացի կատարելագործումը։ Ներկայում կենտրոնացված հերթագրումը գործում է ամբուլատոր բժշկական օգնության շրջանակում, իսկ հետագա աշխատանքները պետք է ուղղված լինեն բուժհաստատությունների հերթագրման համակարգերը «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգին ինտեգրելուն։
Հարցազրույցի ավարտին Բաբայանն ընդգծել է քաղաքացիների հետ մշտական երկխոսության կարևորությունը՝ հորդորելով բժշկական ծառայություններից օգտվելիս առաջացած խնդիրների մասին տեղեկացնել հիմնադրամին. զանգերի կենտրոնում սպասման միջին տևողությունն ընդամենը մեկ րոպե է։
Առողջության համընդհանուր ապահովագրության հետագա զարգացումը, այսպիսով, ենթադրում է ոչ միայն ապահովագրվածների թվի ավելացում և ծառայությունների կազմակերպման կատարելագործում, այլև առողջության պահպանման նոր մշակույթի ձևավորում, որտեղ բուժօգնության հասանելիությունն ու հիվանդությունների կանխարգելումը դառնում են փոխլրացնող առաջնահերթություններ։