«Ռադիո Ավրորա»-ի եթերում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանն անդրադարձել է ԱՀԱ համակարգի գործող մեխանիզմներին, 2027 թվականին նախատեսվող ընդլայնմանը, ինչպես նաև բուժօգնության փոխհատուցման և բուժհաստատությունների հետ համագործակցության սկզբունքներին։
Այսօր առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված է ավելի քան 1.8 միլիոն շահառու։ Խարազյանի խոսքով՝ ապահովագրության հիմնական սկզբունքն այն է, որ բուժօգնության ծախսը քաղաքացու համար չառաջանա հենց այն պահին, երբ ի հայտ է եկել առողջական խնդիր։ Ապահովագրավճարը վճարվում է նախապես, իսկ անհրաժեշտության դեպքում ապահովագրված անձը կարող է սահմանված ընթացակարգով ստանալ և՛ բժշկական ծառայություններ, և՛ փոխհատուցվող դեղորայք։
Խարազյանը խոսել է նաև համակարգի առաջիկա ընդլայնման մասին։ 2027 թվականից համակարգում նախատեսվում է ներառել նոր շահառու խմբեր, այդ թվում՝ մինչև 200,000 ՀՀ դրամ աշխատավարձ ստացող անձանց։ Քանի որ ամսական 10,800 դրամ ապահովագրավճարի ամբողջական վճարումը կարող էր ֆինանսական բեռ լինել այս խմբի համար, առաջարկվող մոդելով աշխատողը կվճարի ամսական 2,000 դրամ, գործատուն՝ 4,400 դրամ, իսկ ևս 4,400 դրամ կսուբսիդավորվի պետական բյուջեից։ Մինչև 200,000 ՀՀ դրամ աշխատավարձ ստացողների տվյալները հիմնադրամը կստանա Պետական եկամուտների կոմիտեից, և նրանց ապահովագրական կարգավիճակը կակտիվանա ավտոմատ կերպով։
2027 թվականի հունվարից համակարգին կմիանան նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձինք։ Նախնական մոդելով նրանք էլեկտրոնային դիմում կներկայացնեն հիմնադրամի կայքի միջոցով, իսկ վճարումները հնարավոր կլինի կատարել էլեկտրոնային դրամապանակներով, բանկային հավելվածներով կամ կայքում հասանելի վճարային հարթակի միջոցով։
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԱԱՊ ծառայություններ մատուցող բժիշկների վարձատրությանը։ Ըստ Խարազյանի՝ բժիշկները ֆինանսավորում են ստանում իրենց մոտ գրանցված անձանց թվի, ինչպես նաև որոշ հիվանդությունների շրջանակում մատուցված ծառայությունների հիման վրա։ Խարազյանի խոսքով՝ ընտանեկան բժիշկների վարձատրությունը աճել է առնվազն 40–50 տոկոսով, և այս միտումը շարունակական է լինելու։
Խոսելով բուժհաստատությունների հետ համագործակցության մասին՝ Խարազյանն ընդգծել է, որ համակարգը բաց և թափանցիկ է։ Բուժհաստատությունները կարող են ծանոթանալ համակարգին միանալու պահանջներին, փաթեթում ընդգրկված ծառայություններին և դրանց փոխհատուցման չափերին, ապա ներկայացնել համագործակցության դիմում։
Անդրադառնալով ապահովագրական փաթեթին՝ Խարազյանը նշել է, որ դրանում սահմանափակ ծավալով ներառված են նաև ատամնաբուժական ծառայություններ։ Մասնավորապես, նախատեսված են 6 և 12 տարեկան երեխաների կանխարգելիչ այցերը, անհրաժեշտության դեպքում՝ մասնագիտացված ստոմատոլոգիական խորհրդատվությունը, իսկ 65 և բարձր տարիքի անձանց համար՝ ատամնապրոթեզավորումը։
Ինչ վերաբերում է դեղորայքին, ապահովագրության շրջանակում փոխհատուցվող դեղերի ցանկում ներկայումս ընդգրկված է շուրջ 1,300 անուն դեղ, այդ թվում՝ սիրտ–անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և որոշ ուռուցքաբանական հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղորայք։ Խարազյանի խոսքով՝ համընդհանուր ապահովագրության փաթեթի ձևավորման հիմքում բնակչության շրջանում առավել մեծ հիվանդացության բեռ ստեղծող խնդիրներին հակազդելու սկզբունքն է։ Հետևաբար համակարգը նախևառաջ ներառում է այն ծառայություններն ու դեղերը, որոնք առավել անհրաժեշտ են հիմնական հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։
Ամփոփելով՝ Խարազյանն ընդգծել է, որ համակարգը շարունակաբար զարգանում է, և ֆինանսական հնարավորությունների ընդլայնմանը զուգահեռ նախատեսվում է ավելացնել նաև փոխհատուցվող ծառայությունների և դեղերի շրջանակը։

