Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևոր բաղադրիչներից է, սակայն համակարգի արդյունավետ զարգացման համար ապահովագրությանը զուգահեռ անհրաժեշտ է շարունակաբար հզորացնել առողջության առաջնային պահպանման օղակը, զարգացնել թվային առողջապահությունը, ենթակառուցվածքներն ու մարդկային ռեսուրսները։ Այս մասին «Առաջին Լրատվական»-ի տաղավարում խոսել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանը։
Անդրադառնալով համակարգի ներդրման առաջին փուլին՝ Սամվել Խարազյանը նշել է, որ համակարգի գործարկման սկզբնական շրջանում արձանագրված հերթերը պայմանավորված են եղել կոնկրետ բժշկական հաստատություն կամ մասնագետ ընտրելու քաղաքացիների նախընտրությամբ։ Եթե սկզբնական շրջանում որոշ ուղղություններով ծանրաբեռնվածությունը մեծ էր, ապա ներկայումս նման կրիտիկական կետեր չկան։ Խարազյանի խոսքով՝ որոշ մարզերում դեռևս առկա է նեղ մասնագետների պակաս, սակայն համակարգի ճկուն մեխանիզմները հնարավորություն են տվել արձագանքել նաև այս խնդրին․ մասնագետները մեկնում են մարզեր, համատեղում աշխատանքը տարբեր բժշկական կենտրոններում, իրականացնում խորհրդատվություններ և վիրահատություններ։ Խարազյանն ընդգծել է, որ հիմնադրամի կողմից փոխհատուցվող ծառայությունների գները նույնն են Երևանի և մարզային բժշկական կենտրոնների համար, իսկ դրանց որակի և մատուցման պայմանների նկատմամբ գործում են միասնական պահանջներ։
Ըստ Խարազյանի՝ համակարգի կարևոր հենասյուներից է կանխարգելիչ բուժօգնությունը։ Ապահովագրական փաթեթում ներառված են սքրինինգային ծրագրեր՝ ուղղված ուռուցքաբանական, սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և այլ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը։ Զուգահեռ աշխատանքներ են իրականացվում անհրաժեշտ սարքավորումների տրամադրման, ենթակառուցվածքների զարգացման և մասնագետների վերապատրաստման ուղղությամբ։ Բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է բարձրացնել նաև բուժքույրերի դերակատարությունը։ Մշակվում են կրթական և վերապատրաստման ծրագրեր, որոնք հնարավորություն կտան կանխարգելիչ այցերի շրջանակում որոշ գործառույթներ փոխանցել բուժքույրերին՝ միաժամանակ նվազեցնելով բժիշկների ծանրաբեռնվածությունը։
Խարազյանի խոսքով՝ կարևոր խնդիր է նաև բնակչության շրջանում կանխարգելիչ վարքագծի ձևավորումը։ Տարիներ շարունակ ֆինանսական սահմանափակումների պատճառով շատ քաղաքացիներ բուժօգնության են դիմել արդեն առողջական խնդրի առաջացումից հետո, մինչդեռ համակարգի նպատակներից է խրախուսել մարդկանց հետևել առողջությանը դեռևս առողջ ժամանակ։ Հատկանշական է, որ 2029 թվականից կանխարգելիչ համապատասխան ծառայություններից օգտվելը նախատեսվում է դարձնել ապահովագրական փաթեթից ամբողջությամբ օգտվելու պայման։
Արձանագրված տվյալների համաձայն՝ առողջապահական հիմնական բեռը շարունակում են կազմել ոչ վարակիչ հիվանդությունները՝ սիրտ-անոթային, ուռուցքաբանական և շնչառական հիվանդությունները, ինչպես նաև շաքարային դիաբետը։ Դրանց զգալի մասը հնարավոր է առավել արդյունավետ կառավարել վաղ հայտնաբերման, շարունակական հսկողության և անհրաժեշտ դեղորայքի հասանելիության միջոցով։ Հենց այդ պատճառով կանխարգելումը դիտարկվում է որպես հիվանդություններից մահացությունն ու հաշմանդամությունը նվազեցնելու կարևոր միջոց։
Ըստ Խարազյանի՝ առանձին ուշադրություն է դարձվում առողջության առաջնային պահպանման օղակի նկատմամբ վստահության բարձրացմանը։ Նախկինում ֆինանսավորման սահմանափակ ծավալների պատճառով ընտանեկան բժշկի խորհրդատվությունից հետո անհրաժեշտ հետազոտություններն ու դեղորայքը քաղաքացին ստիպված էր ձեռք բերել սեփական միջոցներով։ Ապահովագրության ներդրումն այս տեսանկյունից հեղափոխական էր։ Խարազյանի խոսքով՝ զուգահեռաբար իրականացվում են նաև պոլիկլինիկաների և գյուղական ամբուլատորիաների վերազինման և թվային գործիքների ներդրման աշխատանքներ։
Խարազյանը նշել է, որ 2027 թվականից համակարգին կմիանան շահառուների նոր խմբեր, ինչը հիմնադրամի համար զարգացման նոր փուլ և միաժամանակ նոր մարտահրավերներ է ստեղծելու։ Առաջիկայում նախատեսվում է նաև գնահատել ապահովագրական փաթեթի ազդեցությունը քաղաքացիների՝ գրպանից դուրս կատարվող առողջապահական ծախսերի վրա համապատասխան հետազոտությունների և հարցումների միջոցով։
Համակարգի հետագա զարգացման տեսլականը ենթադրում է ծախսարդյունավետ ծառայությունների շարունակական ընդգրկում, ճկուն ֆինանսավորման մեխանիզմների կիրառում և առողջապահության ոլորտի փոփոխություններին արագ արձագանքելու կարողության զարգացում։

