Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը շարունակաբար մշտադիտարկում և վերլուծում է բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացվող ծառայությունների փոխհատուցման գործընթացը։ «Ազատություն Ռադիոկայան»–ին տված հարցազրույցում այս մասին խոսել է հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանը՝ անդրադառնալով մշտադիտարկման արդյունքում արձանագրված շեղումներին և դրանց կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Խարազյանը նշել է, որ առողջության առաջնային պահպանման օղակում ֆինանսավորումն իրականացվում է մի քանի ուղղությամբ։ Ընտանեկան բժիշկների, թերապևտների և ԱԱՊ ծառայություններ մատուցող այլ մասնագետների դեպքում գործում է ըստ մարդաշնչի ֆինանսավորման մեխանիզմ․ բժշկի մոտ գրանցված յուրաքանչյուր բնակչի համար ամսական հատկացվում է որոշակի գումար՝ խորհրդատվությունների, անհրաժեշտության դեպքում այցերի, դեղորայքի նշանակման և այլ ծառայությունների ապահովման համար։ Միաժամանակ, լրացուցիչ փոխհատուցում է նախատեսված ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցանկում ներառված հիվանդությունների բուժման շրջանակում տրամադրվող խորհրդատվությունների համար։ Խարազյանի խոսքով՝ այդ հիվանդությունների առանձնացումը պայմանավորված է նաև կանխարգելման կարևորությամբ․ դրանց պատշաճ վարումը ամբուլատոր պայմաններում կարող է նպաստել հիվանդանոցային բուժման անհրաժեշտության կանխմանը։ ԱԱՊ օղակում առանձին ֆինանսավորում է նախատեսված նաև սքրինինգային ծառայությունների իրականացման համար։
Հիմնադրամի կողմից իրականացված վեցամսյա մշտադիտարկման և վերլուծության ընթացքում, սակայն, որոշ բժշկական կազմակերպություններում արձանագրվել են ներկայացված ծառայությունների և փոխհատուցումների միջև անհամապատասխանություններ։ Ներկայումս հիմնադրամում չի գործում ներկայացվող հայցերի նախնական մերժման մեխանիզմ․ բժշկական կազմակերպությունների ներկայացրած հայցերն ավտոմատ հաստատվում են, իսկ դրանց համապատասխանությունը սահմանված պայմաններին ուսումնասիրվում է հետագայում՝ հետադարձ վերլուծության շրջանակում։ Խարազյանի խոսքով՝ բուժհաստատությունների կողմից ներկայացված փոխհատուցման հայցերում արձանագրված անհամապատասխանությունների հարցը քննարկվել է մի շարք աշխատանքային հանդիպումների ընթացքում։ Կազմակերպվել են առցանց և առկա ձևաչափով հանդիպումներ մարզային բժշկական կենտրոնների, գյուղական բժշկական ամբուլատորիաների և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում ներկայացվել է նաև հիմնադրամի մշակած վերլուծական գործիքը, որը հնարավորություն է տալիս բժշկական կազմակերպություններին տեսնել արձանագրված շեղումները և համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց հետագա կանխարգելման ուղղությամբ։
Անդրադառնալով արձանագրված ֆինանսական տարբերությունների կարգավորմանը՝ Խարազյանը նշել է, որ բժշկական կազմակերպություններին հնարավորություն է տրվել մինչև տարեվերջ ճշգրտել իրենց կատարողականները։ Այն կազմակերպությունների դեպքում, որոնց համար արձանագրված շեղումները համեմատաբար մեծ են և կատարողականի նվազեցումը կարող է ֆինանսական դժվարություններ առաջացնել, հիմնադրամը պատրաստ է դիտարկել գումարներն ավելի երկար ժամանակահատվածում համաչափորեն նվազեցնելու տարբերակը։ Խարազյանի խոսքով՝ բազմաթիվ բժշկական կազմակերպությունների դեպքում կատարողականների նվազեցումները չեն գերազանցում 10 տոկոսը, ինչը բուժհիմնարկների համար էական ֆինանսական բեռ չի առաջացնի։ Առաջիկայում հանդիպումներ են նախատեսվում բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչների հետ՝ բարձրացված հարցերն առավել առարկայական քննարկելու և հնարավոր լուծումները համատեղ դիտարկելու նպատակով։
Անդրադառնալով մինչև 18 տարեկան երեխաների համար մասնագիտացված բժշկական ծառայությունների հասանելիությանը՝ Խարազյանը նշել է, որ նախկինում անվճար էին միայն տարածքային պոլիկլինիկայում հասանելի սահմանափակ թվով նեղ մասնագետների խորհրդատվությունները։ Մինչդեռ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում այժմ հատուցվում է շուրջ 45 մասնագիտացված խորհրդատվություն և այց, և համապատասխան ուղեգրի առկայության դեպքում հնարավոր է դիմել ոչ միայն տարածքային պոլիկլինիկա, այլև ցանկացած բժշկական կազմակերպություն՝ անկախ գրանցման վայրից։
Խարազյանը պարզաբանել է նաև մասնագիտացված խորհրդատվությունների համար սահմանված քանակային սահմանափակումները։ Ապահովագրության շրջանակներում կյանքում առաջին անգամ հայտնաբերված հիվանդության դեպքում մեկ տարվա ընթացքում հատուցվում է մինչև 2 խորհրդատվություն յուրաքանչյուր նեղ մասնագետի մոտ։ Սահմանված քանակը նախատեսված է բուժման ընդունված գործելակարգերին համապատասխան։ Քրոնիկ հիվանդությունների դեպքում հատուցվում է տարեկան մինչև 4 այց, իսկ առանձին հիվանդությունների դեպքում այցերի քանակը սահմանվում է համապատասխան գործելակարգերով՝ ըստ բժշկական անհրաժեշտության։
Միաժամանակ, որոշ մասնագիտացված խորհրդատվությունների դեպքում կարող է կիրառվել համավճար, որի չափին և պայմաններին հնարավոր է նախապես ծանոթանալ հիմնադրամի կայքում՝ uhif.am:

