Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանի հետ «Արմենպրես»-ը զրուցել է ապահովագրության համակարգի ներդրման ներկա փուլի նախնական արդյունքների, այդ շրջանակներում դիմելիության բարձր ցուցանիշների, հերթերի կառավարման միջոցառումների, բուժծառայությունների համար ապահովագրությամբ նախատեսված գների համապատասխանության և այլ հարցերի շուրջ։
-Պարոն Խարազյան, առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանը հաջորդած ժամանակահատվածում ի՞նչ եք արձանագրել։ Ունե՞ք նախնական ինչ-որ տվյալներ կամ գործընթացներ, որոնք այս ընթացքում ակնառու են եղել։
-Արդեն իսկ կարող ենք նշել, որ մարտ ամսին ապահովագրությունը, իր, այսպես ասած, օպտիմալից բավականին բարձր ցուցանիշի վրա է, որովհետև դիմելիության այն ցուցանիշները, որոնք արձանագրում ենք արդեն մարտ ամսվա տվյալներով, բավականին բարձր են։ Նկատում ենք դիմելիության շարունակական աճ՝ պայմանավորված թե՛ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ, թե՛ նաև շատ դեպքերում այն ծառայությունների ավելացմամբ, որոնք մինչ այդ հասանելի չեն եղել, որովհետև մենք ունեցել ենք պետական պատվերի համակարգ, որտեղ բնակչության որոշակի խմբերի համար հասանելի են եղել որոշ ծառայություններ, որոնք ապահովագրության շրջանակներում այժմ ավելի մեծ թիվ են կազմում։ Հետևաբար, դիմելիության այդ բարձր ցուցանիշները ոչ միայն նոր ապահովագրության, ապահովագրված անձի կարգավիճակ ստացած քաղաքացիների թվով պայմանավորված, այլ նաև նախկինում որոշակի ծառայությունների հասանելիություն ունեցող մեր քաղաքացիների համար այդ ցանկի ավելացման շնորհիվ, ինչը մեր համար շատ կարևոր է։ Օրինակ բերեմ դեղորայքի ապահովման առումով. պետպատվերի շրջանակներում 2025 թվականից սկսել էինք անվճար դեղորայքի տրամադրումը։ Նույնիսկ այդ ծրագրի շրջանակներում մենք ունեինք շահառուների թվի աճ, բայց ապահովագրության շրջանակներում դեղորայքից օգտվող քաղաքացիների թիվը կրկնապատկվել, եռապատկվել է, որովհետև թե՛ դեղերի ցանկն է ավելացել, թե՛ նաև բարելավվել է, այսինքն՝ լրացուցիչ այլ դեղեր են ներառվել ցանկում, որոնք հնարավորություն են տալիս մեր քաղաքացիներին, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, դրանց արդյունավետ հսկման համար ապահովել համապատասխան դեղորայքը։
-Մասնավորապես, ի՞նչ տարիքային կամ սոցիալական խմբերի քաղաքացիների կողմից է դիմելիությունը բարձր եղել։
-Դիմելիությունը բարձրացել է բոլոր խմբերի մոտ, բացի, երևի, մինչև 18 տարեկան երեխաների, որովհետև նրանք պետպատվերի շրջանակներում օգտվել և օգտվում են որոշակի ծառայություններից, բայց այս դեպքում նույնպես որոշակի աճ ունենք՝ պայմանավորված դեղերի ձեռքբերմամբ։ Հիմնական աճը գրանցվել է 65 և բարձր տարիքի անձանց կողմից։ Նրանց դեպքում մենք ունեինք նաև հետաձգված առողջապահական խնդիրներ, որոնց հետ կապված համապատասխան բուժծառայությունները հասանելի չէին մեր այս խմբի բնակչությանը, ուստի նրանք հետաձգել էին դրանց ստացումը։ Ապահովագրության ներդրման շնորհիվ նրանք կարողացել են ստանալ այդ ծառայությունները։ Այդուհանդերձ, նկատելի է նաև դիմելիության աճ 18-64 տարեկան, հիմնականում՝ 40-64-տարեկան քաղաքացիների մոտ, որոնք իրենք են իրենց աշխատավարձից վճարումներ կատարում ապահովագրավճարի համար և օգտվում որոշակի ծառայություններից։
-Բնականաբար, նման հոսքը նաև ենթադրում է հերթեր։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել դրանց կառավարելիությունն ապահովելու համար։
-Մենք նախ ուսումնասիրում ենք հերթերի առաջացման պատճառներն ու դրան զուգահեռ փորձում համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ դրանց կառավարումն ավելի արդյունավետ, թափանցիկ դարձնելու ուղղությամբ։ Ենթադրում էինք, որ հերթեր առաջանալու են, քանի որ լրացուցիչ մոտ 600-700 հազար քաղաքացիներ, որոնք նախկինում հնարավորություն չեն ունեցել նույնիսկ պետպատվերի շրջանակներում ծառայությունները ստանալու, ապահովագրությամբ կդիմեն մեր պոլիկլինիկական հաստատություններ, գյուղական բժշկական ամբուլատորիաներ, հիվանդանոցներ, լաբորատորիաներ և այլն։ Դրա համար մենք նախնական որոշակի միջոցառումներ ձեռնարկել ենք, պոլիկլինիկաների համար կազմվել էր ուղեցույց հերթերի կառավարման համար։ Մենք նաև հերթերի կառավարման համակարգերի ներդրման և դրա տեխնիկական բնութագրերն էինք ներկայացրել պոլիկլինիկաներին, որպեսզի նրանք կարողանային այդ բնութագրերի շրջանակներում համապատասխան կազմակերպությունների ներգրավել։ Մենք շարունակելու ենք այս աշխատանքները, որպեսզի ամբողջությամբ կարողանանք հերթերի կառավարումն իրականացնել էլեկտրոնային միջավայրում, այն դարձնել վերահսկելի, թափանցիկ, որպեսզի նաև մեր քաղաքացիները հնարավորություն ունենան ցանկացած ժամանակ գրանցվել, տեսնել, թե քանի մարդ է հերթում, ե՞րբ է իրենց հերթը հասնելու և այլն։ Մենք ամենօրյա աշխատանքով, նաև բժշկական կազմակերպությունների հետ համագործակցությամբ փորձում ենք այդ կառավարման համակարգերի ներդրման աշխատանքները արագացնել։ Հուսով եմ, որ մոտ ժամանակներս մենք արդեն կունենանք ամբողջովին կառավարվող համակարգ, որով թողունակության հետ կապված կառավարման խնդիրները կարող ենք լուծել։ Այստեղ ամենակարևորը, որ այն լինի թվային, էլեկտրոնային միջավայրում, մեր քաղաքացիներն օգտվեն հերթագրման բոլոր հնարավորություններից՝ զանգերի կենտրոն, բժշկական կազմակերպությունների ընդունարաններ զանգահարելու միջոցով։ Հերթերի առաջացման մյուս պատճառը, մեր դիտարկմամբ, բժիշկների կողմից էլեկտրոնային համակարգ տվյալների մուտքագրելու հետ կապված դժվարություններն են։ Այս առումով էլ հիմնադրամը որոշակի միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի այդ համակարգերն ավելի հեշտ և պարզ դառնան բժիշկների համար։
Մենք նաև նախատեսել ենք հիմնականում պոլիկլինիկաներում աշխատող բժիշկների աշխատաժամանակի փոփոխություններ։ Այն կապված է նաև բժշկական կազմակերպությունների որոշակի կառուցվածքային, շենքային պայմանների բարելավման հետ։ Այդ բուժհիմնարկների հիմնադիրների, սեփականատերերի հետ փորձելու ենք լուծումներ գտնել աշխատաժամանակի փոփոխության միջոցով՝ հնարավորություն տալով, որ մեր քաղաքացիներն իրենց ավելի հարմար ժամանակ կարողանան հերթագրվել և օգտվել ծառայություններից։
-Վերջերս ներկա էի Հայկական բժշկական ասոցիացիայի անդամների ներկայացուցիչների, նեղ մասնագետների հետ Ձեր հանդիպմանը։ Նրանք մի շարք հարցեր բարձրաձայնեցին, որոնք, մասնավորապես վերաբերում էին նաև բուժաշխատողների աշխատավարձերին, ապահովագրությամբ ծառայությունների համար նախատեսված գումարներին և այլն։
-Մենք բազմաթիվ այդպիսի գրություններ ենք ստանում տարբեր ասոցիացիաներից, անհատ բժիշկներից և փորձում ենք իրենց հետ աշխատել մեր ընդհանուր ձևավորված մեթոդաբանության շրջանակներում, որովհետև կա Կառավարության կողմից հաստատված հստակ մեթոդաբանություն, որի շրջանակներում ենք իրականացնում բոլոր ծառայությունների գների հաշվարկները։ Բնականաբար, հնարավոր են որոշակի շեղումներ ծախսերի առումով, և մենք միշտ պատրաստ ենք քննարկել։ Մենք ունենք հաստատված ձևաչափեր, տրամադրում ենք ասոցիացիաներին, բժիշկներին, խնդրում ենք, որպեսզի նրանք իրենց կողմից լրացնեն դրանք, ծախսերը, դեղորայքը և այլն, որոնք պահանջվում են այդ ծառայությունները իրականացնելու համար։ Փորձում ենք հետագայում գնահատել, թե դրանք ինչքանով են շեղվում կամ համընկնում մեր հաշվարկների հետ։ Նրանց հետ հանդիպումների կամ զրույցների միջոցով փորձում ենք այդ բոլոր հարցերին անդրադառնալ։ Սա դինամիկ, անընդհատ պրոցես է, որ, իմ կարծիքով, պետք է իրականացվի, բայց ես կուզենայի արձանագրել, ինչպես բազմիցս ասոցիացիաների հետ հանդիպումների ժամանակ եմ արձանագրում, այստեղ ամենակարևորն այն է, որ մենք ունենք հստակ մեթոդաբանություն, ձևաչափեր, որոնք հաստատում ենք, ունենք բոլոր գործոնները, այդ գործոնների հաշվարկները, որոնք հիմք են հանդիսանում ծառայությունների հաշվարկման համար։ Դրանք թափանցիկ և բոլորի համար հասանելի տվյալներ են, և ցանկության դեպքում նրանք ինքնուրույն կարող են այդ հաշվարկներն իրականացնել և հասկանալ` ծառայության գնագոյացման հիմնական ծախսերը որտեղ են և գնի ձևավորման հիմնական մոտեցումներն ինչում են կայանում։ Այս առումով չեմ կարծում, որ որևէ լուրջ ինչ-որ խնդիր ունենք։ Ուղղակի պետք է հասկանանք, որ սա աշխատանքային պրոցես է, և եթե նկատվում են որոշակի շեղումներ, դրանք սուբյեկտիվ դաշտում չպետք է թողնել, այլ պետք է վերցնել այդ կոնկրետ մեթոդաբանությունը, ձևաչափերը, փորձել հաշվարկներ իրականացնել և մեր երկխոսության միջոցով հարցերին լուծում տալ։

