ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂԻ ՍՔՐԻՆԻՆԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է և կանանց քաղցկեղային հիվանդությունների շարքում զբաղեցնում է առաջին տեղը։
Հիվանդության վաղ հայտնաբերումը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը և կարող է նպաստել մահացության նվազեցմանը։
Վիճակագրություն
Ամեն տարի աշխարհում գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի շուրջ 2.5 միլիոն նոր դեպք։
Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց մոտ 70%-ը չի ունենում արտահայտված ռիսկի գործոններ, ինչի պատճառով հատկապես կարևոր է պարբերական սքրինինգը։
Մամոգրաֆիկ սքրինինգի շնորհիվ հնարավոր է չարորակ ուռուցքը հայտնաբերել միջինում 3–4 տարի ավելի վաղ, քան կինը կարող է այն ինքնուրույն նկատել։
Առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում ներառված կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունը նախատեսված է կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններ չունեցող (ասիմպտոմատիկ), սակայն ռիսկի տարիքային խմբին պատկանող՝ 45-68 տարեկան կանանց համար։ Ծրագրի շրջանակում իրականացվում է մամոգրաֆիկ հետազոտություն թվային մամոգրաֆիայի սարքի միջոցով։
Հետազոտության իրականացման եղանակները և Բացառությունները
Ինչպես է կատարվում սքրինինգային մամոգրաֆիան
- Հետազոտությունը կատարվում է հատուկ կահավորված սենյակում՝ մամոգրաֆի օգնությամբ:
- Ամբողջ գործընթացը տևում է միջինում 15-20 րոպե:
- Որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել անմիջապես կատարել նաև բիոպսիա՝ հյուսվածաբանական քննությամբ:
Սքրինինգային մամոգրաֆիա չեն կարող անցնել՝
- Հղի և կրծքով կերակրող կանայք,
- Կանայք, ովքեր վերջին 12 ամսվա ընթացքում անցել են ախտորոշիչ մամոգրաֆիա,
- Կրծքագեղձի քաղցկեղի ակնհայտ ախտանշաններ ունեցող կանայք (այս դեպքում ցուցված է ախտորոշիչ մամոգրաֆիա),
- Ախտորոշված կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանայք, որոնց բուժումից չի անցել առնվազն 5 տարի։
Ինչպես պատրաստվել մամոգրաֆիայի
- Մամոգրաֆիայի իրականացումը պլանավորել դաշտանային ցիկլից մոտ մեկ շաբաթ անց
- Հետազոտությանը պատրաստվելիս ցանկալի չէ թևատակի շրջանում օգտագործել հակաքրտնարտադրող միջոց
- Մամոգրաֆիկ հետազոտությունից երկու շաբաթ առաջ ցանկալի է սահմանափակել սուրճ կամ կոֆեին պարունակող գազավորված ըմպելիքները
Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտություններ իրականացնող ԲԿ-ների ցանկ
Հայ-ամերիկյան առողջության կենտրոն
Հասցե
ք․Երևան, Հերացի 5Էլ․ հասցե
info@aawc.amՀեռախոսահամար
+37491630007
Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն
Հասցե
Ֆանարջյան 76Էլ․ հասցե
office@oncology.amՀեռախոսահամար
+37410205050
ՀՕՄ-ի Ախուրյանի Մոր և Մանկան ԱԿ հիմնադրամ
Հասցե
գ. ԱխուրյանԷլ․ հասցե
avagyan.sevak@yahoo.comՀեռախոսահամար
+37493115544
Հաճախ տրվող հարցեր
Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգ․ կարճ պատասխաններ ամենահաճախ տրվող հարցերին։
Ինչո՞ւ է կարևոր սքրինինգային մամոգրաֆիան։
Սքրինինգային մամոգրաֆիան կարող է հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում՝ նույնիսկ մինչև այն շոշափելի դառնա։ Վաղ հայտնաբերումը մեծացնում է բուժման արդյունավետությունը և բարելավում է կյանքի կանխատեսումը։
Ո՞վ պետք է մասնակցի կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգին։
Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագրերի թիրախային խումբ են համարվում 45-68 տարեկան ախտանշաններ չունեցող կանայք։
Որքա՞ն հաճախ պետք է անցնել սքրինինգային մամոգրաֆիա։
Սքրինինգային մամոգրաֆիան իրականացվում է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ։
Եթե ախտանշաններ չունեմ, արդյո՞ք պետք է հետազոտվեմ։
Այո՛։ Սքրինինգը նախատեսված է հենց ախտանշաններ չունեցող կանանց համար, քանի որ վաղ փուլերում քաղցկեղը հաճախ որևէ գանգատ չի առաջացնում։
Մամոգրաֆիան ցավո՞տ է։
Որոշ կանանց մոտ կարող են դիտվել կարճատև անհարմարություն կամ ճնշում հետազոտության ընթացքում, սակայն այն սովորաբար տևում է ընդամենը մի քանի վայրկյան։
